10.500 մանրածախ օբյեկտներից առնվազն 4-5 հազարը փակման վտանգի առաջ կկանգնեն. Միքայել Մելքումյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագողների հետ հանդիպման ընթացքում՝ խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքից, ասաց, որ իրենց շատ են հարցնում, թե ինչպես եղավ, որ նախկինում կողմ են քվեարկել, իսկ հիմա դեմ են.
«Այո, մենք կողմ ենք քվեարկել, որպեսզի 3.5-ը դառնա 1 տոկոս, իսկ դրան իմ կողմից նախորդել է 3 օրենսդրական նախաձեռնություն, որը կառավաությունը մերժել էր: Դա եղել է Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ: Նոր կառավարությունը, ի թիվս այլ փաթեթային լուծումների՝ բերեց նաև այս շրջանառության հարկը: Առաջին ընթերցման ժամանակ մենք կողմ քվեարկեցինք՝ պայմանով, որ երկրորդ ընթերցման ժամանակ այդ խնդիրը լուծված կլինի: Երկար բանակցություններ վարեցինք կառավարության հետ, արդյունքում ունեցանք մեկ հրաման՝ փոքր ու միջին ձեռնարկություններում անհիմն ստուգումներ չեն նախատեսվում, բացառությամբ ռիսկային դեպքերի:
Չնայած 3.5 տոկոսը իջեցվել է 1 տոկոսի , բայց այդ փաստաթղթավորումը կբերի ավելի մեծ շրջանառության և մուտքերը կավելանան: Սա նշանակում է, որ անխուսափելի են այդ փաստաթղթերի ստուգումները: Այս պահին կարող ենք արձանագրել, որ օրենքի փոփոխություն, կասեցում, նույնիսկ 58 միլիոնի շեմի բարձրացում չնախատեսվեց, որովհետև մի մեծ մաս դուրս կգա այդ 58-ից և կարող է հայտնվել մինչև 100 միլիոնի տիրույթում, այդ դեպքում նրանք կհայտնվեն ավելացված արժեքի հարկի դաշտում, իսկ ԱԱՀ-ով աշխատելը նունն է, ինչ աշխատել շրջանառության հարկի՝ 8-9 տոկոսի շրջանակներում: Այսինքն՝ 10.500 մանրածախ օբյեկտներից առնվազն 4-5 հազարը փակման վտանգի առաջ կկանգնեն»,- հստակեցրեց նա:
Ըստ նրա՝ Կառավարությունն ասում է, որ նոր ֆինանսական ռեֆորմ են անում, բայց եթե դու փոքր ու միջինի մոջոցով գնում ես դեպի խոշորը՝ վատացնելով նրա պայմանները, նա փակվելու է. «Եթե խոշորը մի երկու-երեք ամիս նրան փաստաթուղթ չտվեց՝ նա կփակվի: Իսկ խոշորը կարող է դիմանալ: 3 տարի առաջ մենք ունեինք 19.000 մանրածախ օբյեկտներ, հիմա՝ 10.500: Հիմա եթե այս կոշտ վարչարարությունը շարունակենք, կարող է այդ 10.500-ի կեսն էլ փակվեն, իհարկե, միայն դա չէ, կա նաև վճարունակ պահանջարկի իջեցում, այնպես որ՝ մենք պետք է շատ զգույշ մոտենանք, այսինքն՝ կրճատել խոշորի մոտ ստվերը ի հաշիվ փոքրի պայմանների վատացման և փակման՝ լուրջ խնդիր է, որի լուծումը պետք է գտնել»,- ասաց նա: