Միլիոնավոր դոլարներ`ասֆալտապատման համար. նախկին քաղաքապետը գործընթացում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում. medialab.am
medialab.am-ը գրում է. «Երևանի փողոցների ասֆալտապատման նպատակով կառավարությունն օգոստոսի 14-ին որոշեց պետբյուջեի պահուստային ֆոնդից 4 մլրդ դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին: Ըստ կառավարության հիմնավորման՝ որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է Երևանի երթևեկելի փողոցներում ունենալ 508 600 քմ նոր, բարձրորակ ասֆալտբետոնյա շերտ, շուրջ 105 535 քմ ասֆալտբետոնյա շերտ էլ՝ մայթերի հատվածներում:
Այս հատկացումից բացի, Երևանի բյուջեով նույնպես այս տարվա ասֆալտապատման համար գումարներ են հատկացված: Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տարեսկբզին տեղեկացրել էր, որ Երևանի բյուջեի միջոցներով այս տարի 4.2 մլրդ դրամի ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն:
Մինչև Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, թե մայրաքաղաքի ասֆալտապատման աշխատանքներում ոչ մի լումա չի փոշիացվում, հանրությունը թերհավատորեն է վերաբերվում ասֆալտի որակին, ծախսվող գումարների արդյունավետությանը: Երևանցիներն այդպես էլ չեն կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ի՞նչ կարք կա բարեկարգ փողոցներն ամեն տարի քանդել ու ասֆալտապատել:
Բացի այդ, մարդիկ արդարացիորեն դժգոհում են, որ Երևանի կենտրոնի փողոցներն ամեն տարի են ասֆալտապատվում, իսկ ծայրամասային շրջանների փողոցները տարիներով ասֆալտի երես չեն տեսնում:
Վերջին տարիներին պետական բյուջեից հսկայական միջոցներ են հատկացվում մայրաքաղաքի ասֆալտապատման աշխատանքներին:
Նախորդ տարի, Երևանի քաղաքապետարանի տվյալներով, 2.5 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել, որի համար մայրաքաղաքի բյուջեից ծախսվել է 13 մլրդ դրամ:
Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այդ աշխատանքների որակը, մեղմ ասած, կասկածելի է համարում:
«Մաշտոցի պողոտայում նախորդ տարի էր ասֆալտ արվել, ես այսօր որակը նայում եմ ու հասկանում՝ սա այն ասֆալտը չէր, որ պետք է արվեր: Չեմ ուզում մասնագիտական գնահատականների մեջ խորանալ, բայց կարող եմ մեկ հստակ գնահատական տալ՝ հատկացվող գումարներն արդյունավետ չեն օգտագործվում»,- «Մեդիալաբին» ասում է Վահագն Խաչատրյանը:
Նա նշում է, որ Երևանում և ընդհանրապես Հայաստանում այսօր ավելի կարևոր խնդիրներ կան, և բյուջեի պահուստային ֆոնդից կարելի էր ֆինանսավորում հատկացնել այդ խնդիրների լուծմանը և ոչ թե նույն փողոցները ամեն տարի քանդել ու ասֆալտապատել:
Մարի Ներսեսյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: