Մենք գնահատում ենք ՌԴ-ի միջնորդական ջանքերը և հակված չենք որևէ արտաքին միջամտություն տեսնել վերջին լարման հետևում
Սահմանային լարված իրավիճակը պահպանվում է նույնիսկ այն պարագայում, երբ ԵԱՀԿ-ն պարբերաբար դիտարկումներ է անցկացնում: Վերջինը Մարտունու շրջանում էր: Ի՞նչ են տալիս այդ դիտարկումները եւ արդյո՞ք որեւէ ազդեցություն ունենում են ընդհանուր իրավիճակի վրա: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը համոզված է.
«ԵԱՀԿ դիտարկումները պարբերական, սակայն ոչ մշտական բնույթ են կրում: Այս և այն հանգամանքը, որ դրանք անցկացվում են միայն կոնկրետ դիրքում, այլ ոչ թե մասշտաբային, կտրուկ նվազեցնում են դիտարկումների արդյունավետությունը: Դժվար է գնահատել, թե ինչ իրավիճակ կլիներ, եթե դիտարկումներն ընդհանրապես տեղի չունենային, սակայն այժմ փաստ է, որ դրանց զուգահեռ հակառակորդը ագրեսիվ վարք է դրսևորում: Կարծում եմ՝ անկախ ամեն ինչից դիտարկումները դրական ազդեցություն ունեն, սակայն մեկ կողմի ապակառուցողական վարքը մեծապես բարձրացնում է դրանց անարդյունավետությունը»:
Այնուամենայնիվ ԼՂՀ վարչապետը նշում է, որ իրենք ցանկացած դեպքում ողջունում են միջնորդական առաքելության ջանքերը.
«Այլ բան է, որ այդ ջանքերը բավարար արդյունք չեն տալիս գլխավորապես ադրբեջանական կողմի պատճառով: Մյուս կողմից, կարծում եմ, ԵԱՀԿ-ն պետք է ավելի հետևողական լինի խաղաղության պահպանման գործում և իրերն իրենց անուններով կոչի զինադադարի խախտումների ժամանակ»,- նշում է նա:
Տեղեկությունների համաձայն Ադրբեջանը 7 ամսում 50-ից ավելի զոհեր, բազմաթիվ վիրավորներ ունի, ինչը կարող է այս իրավիճակում վերջիններիս ստիպել վերջ չտալ ագրեսիվ վարքին ու չդադարեցնել դիվերսիոն գործողությունները:
ԼՂՀ վարչապետը համոզված է, որ սրանով Բաքուն փորձում է ճնշում գործադրել թե հայկական ներքին, թե միջազգային լսարանի վրա՝ բանակցություններում այդ հանգամանքն օգտագործելու նպատակով, այս առնչությամբ կարծիք է հայտնում.
«Թվում է՝ իրենց այդքան մարդկային կյանքերը չեն հետաքրքրում. միակ հետ պահող հանգամանքը, համոզված եմ, հայկական բանակի մարտունակությունն է»:
Ինչ վերաբերում է ՌԴ ազդեցությանը, ում համար շատերը առավել ձեռնտու գործընկեր են համարում Ադրբեջանին, քան Հայաստանին, ով շարունակում է զինամթերքի վաճառքն այս երկրին, վարչապետը համոզված է.
«ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից է և ընդգրկված է միջնորդական առաքելությունում: Իհարկե մենք գնահատում ենք ՌԴ-ի միջնորդական ջանքերը և հակված չենք որևէ արտաքին միջամտություն տեսնել վերջին լարման հետևում: Իսկ թե ՌԴ-ի համար որ երկիրն է ավելի ձեռնտու գործընկեր համարվում, պետք է հարցնել փորձագետներին: Այնուամենայնիվ տեսանելի է, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գործընկերությունը բարձր մակարդակի վրա է»: