Բարձրացվել են զինծառայող կենսաթոշակառուների և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող պարգևավճարների չափերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց զինծառայող կենսաթոշակառուների և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող պարգևավճարների չափերի բարձրացման մասին:

Ըստ այդմ՝ ՀՀ կառավարությունը վերջերս ընդունել է մի որոշում, որով համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 668-Ն որոշման մեջ: Փոփոխության նպատակն առանձին կատեգորիայի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող պարգևավճարների չափերի բարձրացումն է: Նշեմ, որ այս պարգևավճարները նախկինում կոչվում էին դրամական օգնություններ: 2014 թ. հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող այդ դրամական օգնությունները վերանվանվեցին պարգևավճարներ: Սմբատ Սաիյանի խոսքով՝ առաջիկայում ականատեսը կլինենք նաև բովանդակային փոփոխություններին:

Անդրադառնալով կատարված փոփոխություններին՝ Ս. Սաիյանն ասաց, որ 2014թ. օգոստոսի մեկից բարձրացվել է հաշմանդամություն ունեցող զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող պարգևավճարների չափերը: Կախված կատեգորիաներից՝ բարձրացումները կազմում են մոտավորապես 10-50 %:

Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամին տրվող պարգևավճարի աճի չափը կազմում է շուրջ 20%, այսինքն՝ նախկինում սահմանված 26.000 դրամի փոխարեն սահմանվել է 31.000 դրամ, իսկ անչափահաս երեխայի պարագայում 38.000 դրամ՝ գործող 33.000 դրամի փոխարեն:

Ս. Սաիյանի խոսքով՝ իրենք այս բարձրացումը կարևորում են այն հանգամանքով, որ այն անմիջականորեն փոխկապակցված է զինվորական կենսաթոշակների բնագավառում իրականացված փոփոխությունների հետ. «Ինչպես տեղյակ եք, 2014թ. հուլիսի 1-ից ՀՀ-ում վերանայվեց զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը. եթե նախկինում այդ չափը հաշվարկելու համար հիմք էր ընդունվում անձի դրամական բավարարվածությունը, ապա իրականացված փոփոխությունների արդյունքում զինվորական կենսաթոշակի չափը սկսեց հաշվարկվել զինծառայողի աշխատավարձի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող գործակցից և զինվորական ծառայության մեկ տարվա արժեքից:

Բարձրացման արդյունքում զինվորական կենսաթոշակների չափն աճեց շուրջ 15%-ով, սակայն այդ կարգի փոփոխություններն առարկայական ազդեցություն չունեցան առանձին կատեգորիայի զինծառայողների սոցիալական պաշտպանվածության վրա, և դրանից ելնելով՝ որոշում կայացվեց այդ անձանց տրվող պարգևավճարի չափերը բարձրացնել:

Այսօր մենք մեր հանրապետությունում ունենք զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ովքեր, բացի իրենց սովորական աշխատանքային կենսաթոշակը կամ սոցիալական նպաստը ստանալուց, ստանում են մինչև 2011 թ. հունվարի 1-ը նշանակված իրենց կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ: Ահա այս զինվորական կենսաթոշակների չափերը, համաձայն գործող օրենսդրության, չեն վերահաշվարկվելու, և այս նոր բարձրացման արդյունքում այդ անձինք հնարավորություն ունեն դիմելու և ստանալու 25-30%-ով, առանձին դեպքերում՝ նաև 50%-ով բարձր պարգևավճարներ:

Նույն խնդիրն առկա է նաև Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին: Այսօր նրանց կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի չափը կազմում է շուրջ 11500 դրամ: Բարձրացման արդյունքում անձն իրավունք է ստանում դիմելու և հրաժարվելու այդ կենսաթոշակից, փոխարենը ստանալու 17000 դրամի կարգի պարգևավճար:

Մյուս կատեգորիան, որի վրա էական ազդեցություն կունենա այս բարձրացումը, հաշմանդամություն ունեցող զինծառայողներն են, ընդ որում` խոսքը վերաբերում է թե՛ ՀՀ-ում զինվորական ծառայության ընթացքում, թե՛ ծառայողական պարտականությունները կատարելիս և թե՛ Հայրենական մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց: Այս բարձրացումը առանձին կատեգորիաների համար կազմում է 10-45%»:

Ս. Սաիյանի խոսքով՝ խնդրո առարկա բարձրացումները ֆինանսավորելու համար ՀՀ-ի պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն հատկացվել. բարձրացումները ֆինանսավորվելու են ներքին խնայողությունների հաշվին: Մասնավորապես՝ ամսական ծախսը կազմում է շուրջ 120 մլն դրամ:

Ըստ Սմբատ Սաիյանի՝ մենք այսօր ունենք կենսաթոշակի չափերը բարձրացնելու և նվազագույն կենսաթոշակի չափը աղքատության գծին հասցնելու խնդիր, որպեսզի աղքատ կենսաթոշակառու չլինի. «Իհարկե, դա վաղվա կամ էլ նույնիսկ առաջիկա մեկ տարվա խնդիր չէ. պետությունը, հաշվի առնելով առկա բյուջետային հնարավորությունները, շարունակաբար որոշակի քայլեր կատարում է, այլ խնդիր է, որ այդ քայլերը չեն բավարարում և մեր շահառուների մոտ շարունակում է մեծ մնալ դժգոհությունը, և այստեղ իհարկե որևէ հակափաստարկ չկա. ունենք այն, ինչ ունենք՝ ներկա սահմանափակ բյուջետային հնարավորություններով հանդերձ»:

Տեսանյութեր

Լրահոս