Բաժիններ՝

Բոլորս «Բոինգի» մեջ ենք

Աշխարհում իրադարձություններն այնպես են զարգանում, որ Երկրագնդի բնակիչներն, անգամ, եթե երբևէ օդանավ չեն նստել կամ չեն նստելու, իրենց զգան «Բոինգում»՝ պատերազմող Դոնբասի վրայով թռչելիս: Զգան, որ խելագար մեկը ցանկացած պահի կարող է ոչնչացնել գիտնականների կողմից այդքան խնամքով անվտանգության բարձրագույն մակարդակին հասցված թռչող այդ սարքը:

Այսօր ցանկանում էի տպագրության հանձնել հետաքրքիր (իմ կարծիքով) մի հոդված` նոր տպված գրքերի մասին, սակայն մի տեսակ անհարմար զգացի հրապարակել այն: Հոդվածում ոչինչ չկար կործանված ինքնաթիռի, զոհերի մասին, աշխարհում օր օրի խտացող բացասական էներգիայի, աշխարհի՝ հիվանդ երևակայություն ունեցող տերերի մասին: Գրքերի մասին հոդվածում ոչինչ չկար վախի, անորոշության, մահվան մասին, հետևաբար կարծեցի, որ այն այս պահին գոնե անկարևոր է, ոչ արդիական:

Սա Վարդան Ֆերեշեթյանի տատի ասած «սուտ դարդը» չէ, քանի որ դարդը սուտ կարող է լինել, եթե սուրճի բաժակը ձեռքիդ ու կոնֆետի թուղթը բացելով՝ կարդում ես սպանությունների մասին, որոնք Ագաթա Քրիստիի գործերում են: Ու քեզ ահավոր հետաքրքիր է՝ ո՞վ է լինելու մոլագար հանցագործի հաջորդ զոհը:
Հիմա տարածությունն ու ժամանակը չափազանց կենտրոնացած են յուրաքանչյուրիս շուրջ. մյուս «Բոինգում» կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը:
Բայց այնքան ուզում ես գրել անհոգ, թող որ՝ նաիվ տեքստեր՝ աննշան ուրախությունների, կյանքն ապրելու երջանկության մասին, իսկ համակարգչի էկրանին կործանված ինքնաթիռի ժպտացող երեխաներն են. թռիչքից առաջ նկարվել են ու գցել ֆեյսբուք:

Էմոցիոնալ նոր շոկի պատրաստ չես, բայց, չէ՛. իսրայելյան հրթիռները գնդակոծել են Գազայի հատվածը: Զոհված մանուկների լուսանկարները ու այն մեկինը, որը փաթաթվել էր փոքրիկ քրոջը, որ պաշտպանի նրան հրթիռի հարվածից, բայց չէր կարողացել, ու երկուսովգ Այդ նկարը հնարավոր չէ մոռանալ:

Լուրերն անողոք են. ծայրահեղականները Բաղդադում հերթական պայթյուններն են իրականացրել: Իսրայելյան հրթիռներից երեկ զոհվել է 27 պաղեստինցի և 1 հրեա:
Ուկաինայում արդեն որերորդ ամիսն է՝ արյունահեղություն է: Ու ռուսաստանյան լուրերի 24-ժամյա հեռուստաալիքը պարբերաբար տագնապեցնող երաժշտության տակ ցուցադրում է սարսափելի կադրեր պատերազմից՝ «Ուկրաինայի նորագույն պատմություն» խորագրով:

Սիրիայից լուրերը ևս սարսափելի վհատեցնող են. ռմբակոծվել է հայաշատ Հալեպը: Ունենք զոհեր սիրիահայերի շրջանում:
Երեկ տարածվեց հայ-ադրբեջանական սահմանին հերթական հայ երիտասարդի զոհվելու լուրը:

Մի ազատամարտիկի ծեծելով հասցրել են մահվան դուռը:
Մեկ այլ ազատամարտիկի՝ Վոլոդյա Ավետիսյանին, դատապարտել են 6 տարով:
Եվ սա՝ Ուկրաինայի տարածքում կործանվել է «Բոինգ», զոհվել են բոլոր՝ 298 ուղևորները:

Քաղաքական «հնաբնակ» վերլուծաբաններն առաջարկում են ցավալի այս ողբերգությունը՝ ինքնաթիռի ոչնչացումը, չդարձնել նոր ողբերգությունների պատճառ, որ պատերազմի տրամաբանության մեջ է «պատահաբար» քաղաքացիական ինքնաթիռների ոչնչացումը: Ինչպես ասում են՝ անմեղ զոհերը պատերազմների անխուսափելի «հետևանքն» են: Հիշեցնում են նմանատիպ բազում դեպքեր, թե ինչպես 1988թ. Իրանում ԱՄՆ-ը «սխալմամբ, պատահաբար» ոչնչացրեց քաղաքացիական մի ինքնաթիռ, իսկ նույն ԱՄՆ-ը 1999-ին ռմբակոծեց քաղաքացիական ավտոշարասյունը Կոսովոյում:

Որ Ռուսաստանի խղճին ևս ծանրացած են նման «պատահական» սխալներ, որոնք հարյուրավոր, հազարավոր անմեղ մարդկանց կյանք արժեցան:

Նույն քաղաքական վերլուծաբանները, պատերազմներ լուսաբանած լրագրողները պնդում են, որ հատկապես Դոնբասում անջատականների յուրաքանչյուր քայլ, ռազմական տեխնիկայի գործածություն, արձակված ամեն հրթիռի մասին տեղեկությունը վերահսկվում է տարբեր երկրների հատուկ ծառայությունների կողմից, և, որ ամենևին դժվար չէ արբանյակների միջոցով պարզել՝ ո՞վ է, ի վերջո, կործանել 298 անմեղ մարդկանց:

Ամեն դար ձերբազատում է մարդկությանն իլյուզիաներից՝ առաջարկելով նոր իլյուզիաներ: Մեր աչքի առաջ քանդվում է ամենամեծ իլյուզիան, որ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում երկրի ղեկավարները բանական մարդիկ են: Ի վերջո, հենց նրանց աչքի առաջ ու անմիջական մասնակցությամբ են ամեն օր զոհվում հազարավոր, տասնյակ-հազարավոր անմեղ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ՝ Իրաքում, Սիրիայում, Պաղեստինում, Իսրայելում, Ուկրաինայում…

Թեև իրականությունը պարզելը՝ գիտատեխնիկական նման առաջընթացի պայմաններում, պիտի որ բարդ չլինի (ամեն դեպքում՝ մասնագետներն են այդպես վկայում), մյուս կողմից` չափազանց կարևոր խնդիր կա՝ քանի՞ կոպեկ արժե այդ իրականությունը, եթե դրա իրական լինելը կասկածի տակ է:

Միայն չասեք, թե նման հանցագործությունները պետք է բացահայտվեն, որպեսզի նման բան այլևս երբեք չկրկնվի:

Այնքան տհաճ է մեր իսկ կողմից հորինված այս արտահայտությունը: Մանուկներին, եթե այդպես պահանջում է խելագար մեկի կամքը, կսպանեն, կռմբակոծեն՝ առանց աչքը թարթելու: Պետք եղավ կործանել հերթական «Բոինգը», դա կարվի: Այդպես եղել է մարդկության պատմության ողջ ընթացքում:

Միայն թե մենք՝ 21-րդ դարում ապրող մարդիկս, չենք կարողանում հաշտվել այն մտքին, որ մարդասպանը ոչ թե արյունոտ դանակը ձեռքին, չսափրված ու անլվա է, այլ ժամանակակից ամենաարյունարբու հանցագործներն ունեն հրաշալի նստեցրած կոստյում, շլացուցիչ ժպիտ: Նրանք հզոր երկրների ղեկավարներն են:
Բայց 21-րդ դարում այդ իլյուզիան ևս կվերանա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս