Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական պատրաստականության վիճակում են
Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ զինված ուժերը մնում են մարտական գործողություններ մղելու բարձր պատրաստականության վիճակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Ամերիկյան ուժերի գործողություններին նվիրված՝ Կառույցի կայքում հրապարակված տեսանյութում նշվում է, որ զորքերը Իրանի հետ հրադադարի ժամանակն օգտագործում են բարձր պատրաստվածության վիճակում մնալու, վերազինվելու և մատակարարումներն ապահովելու համար։
«Մենք վերազինվում ենք։ Համալրում և ճշգրտում ենք մեր մարտավարությունը, մեթոդները և ընթացակարգերը։ Աշխարհում չկա այլ բանակ, որը հարմարվում է այնպես, ինչպես մենք։ Հենց դա ենք անում հիմա՝ հրադադարի ժամանակ»,- հոլովակում հնչում է CENTCOM-ի ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերի այս հայտարարությունը։
Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ որոշել է երկարաձգել հրադադարն այնքան ժամանակ, մինչև իրանցիները կներկայացնեն իրենց առաջարկը և քննարկումները որոշակի ավարտ կունենան։ Նա նաև ընդգծել է, որ Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի, իսկ ամերիկյան զինվորականները կմնան պատրաստ վիճակում։



