Արտո Չաքմաքչյան. «Ձուլված արձանները շատ պրիմիտիվ են ու չեն կարող հասարակություն կրթել»
«Նարեկացի» արվեստի միության «Էնտելեխիա» խորագիրը կրող նոր նախագծի մեկնարկը տրվեց երեկ` քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հետ հանդիպմամբ: Խորագրի ընտրությունը պատահական չէ («էնտելեխիա»-ն հունարեն բառ է՝ «ավարտված» և «ունենալ» բառարմատներից), Արիստոտելի մոտ այն նշանակում է՝ նպատակաուղղվածություն, նպատակասլացություն, շարժիչ ուժ, որը հնարավորությունը դարձնում է իրականություն: Երեկոյի ընթացքում փորձ արվեց բացել այն ուղին, որով անցել է վարպետը` գալով դեպի ինքնակայացում, ինքնակատարելագործում:
Արտո Չաքմաքչյանը ծնվել է 1933 թ. Կահիրեում (Եգիպտոս), քանդակագործությամբ սկսել է զբաղվել 12 տարեկան հասակում։ 1948 թ. ընտանիքով հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան, 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը։ 1964թ. Մոսկվայի Խաղաղության Կոմիտեի մրցանակաբաշխությանն արժանացել է առաջին մրցանակի՝ «Հիրոսիմա» քանդակի համար։ Խոսելով այդ քանդակից, վարպետն ասաց.
«Հիրոսիման», որ հարյուրավոր ամսագրերի մեջ տպված է, և որի կրկնօրինակները բազում երկրներում տարածված են, ես Հայոց եղեռնին էի նվիրել, բայց քանի որ համամարդկային ցավ կա մեջը, ընդունվեց բոլորի կողմից: Իսկ երբ Հայաստանում այն որպես Եղեռնին նվիրված գործ էի ներկայացնում, ոչ ոք չընդունեց, ասացին՝ այս ի՞նչ է՝ մի աչքը կա, մյուսը չկա…»:
1975թ. նա Հայաստանից մեկնել է Կանադա՝ ընտանիքով հաստատվելով Մոնրեալում, որտեղ ապրում է առայսօր։ 1978-ից սկսած քանդակագործություն և գեղանկարչություն է դասավանդում Քվեբեքի համալսարանում։ Կանադա մեկնելու հարցում որոշիչ դեր է ունեցել նրա կինը` տիկին Նաիրի Պահլավունին, ով պատմեց այդ մասին. «Ես զրուցեցի Արտոյի հետ և ասացի, որ եթե մնանք, ապա վստահ չեմ, որ կշարունակի իր գործը, որ անհայտն ինձ ավելի է գրավում: Կարծում եմ, որ Կանադա գնալն ունեցավ իր վճռորոշ դերը, չնայած` Արտոն ասում է, որ իր հիմնական սնունդը ստացել է այստեղ, և դա բավարարել է իրեն ամբողջ կյանքի ընթացքում»:
Երեկոյի պատվավոր հյուրերն էին արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Վերջինս հարց ուղղեց վարպետին, թե հայ ո՞ր նկարիչները կամ քանդակագործներն են նրան դուր գալիս, և քանդակագործի կարծիքով` ովքե՞ր են մոռացված, որոնց մասին ժողովուրդը նոր պետք է իմանա:
«Երիտասարդ քանդակագործների գործերին շատ կուզեի ծանոթանալ ու կարծիք հայտնել, բայց, ցավոք, առիթ չկա, ցուցահանդեսներ գրեթե չեն կազմակերպվում, բայց հույս ունեմ, որ առիթի դեպքում լուրջ գործեր պետք է տեսնեմ: Իսկ լավ նկարիչներ շատ ունենք: Արձանագործությունը տեխնիկական իմաստով ավելի բարդ է: Եվ զարմանում եմ, թե վերջին շրջանում ինչպե՞ս է կառավարությունը թույլ տալիս արձաններ ձուլել: Սա լուրջ խնդիր է. արձանները կապ ունեն այդ շրջանի մտածողության, գիտակցության հետ, իսկ ձուլված արձանները շատ պրիմիտիվ են ու չեն կարող հասարակություն կրթել»,- պատասխանեց վարպետը:
Ներկաներից մեկը վարպետին հարցրեց, թե ի՞նչ խորհուրդ կտա երիտասարդ արվեստագետներին, ովքեր իրենց երկրում չեն գնահատվում, հայրենիքում մնան ու պայքարե՞ն, թե՞ մեկնեն երկրից: «Ես վերջին ցենտը կպահեի, որպեսզի այլ երկիր գնայի, տեսնեի, թե ի՞նչ են անում այսօր այնտեղ, այլ ոչ թե ամսագրերից իմանայի այդ մասին: Օտար երկրներ գնալն ավելի է զարգացնում, նոր մտքեր է տալիս: Հին հայկականը ոչինչ չի տա, եթե դուք չուսումնասիրեք շրջապատը, տարբեր ազգերի մշակույթները, դրանից հետո նոր կարող եք կռահել, թե սա որտեղի՞ց է գալիս և ո՞ւր է գնում»:
Երեկոյի ավարտին տեղի ունեցավ վարպետի` Կոմիտասին նվիրված քանդակներից մեկի բացման արարողությունը, որը տեղադրվեց «Նարեկացի» արվեստի միության մեծ դահլիճին կից սրահում:
Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում։ Նրա գործերից կան նաև Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, արտասահմանյան թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում: