«Դ!ԵՄ ԵՄ»-ի բացառիկ շանսը

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի ալիքի հիման վրա ձևավորված «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը վերջին մի քանի ամիսների ընթացքում հասցրել է կայանալ և դառնալ բավական ձևավորված համակարգ: «Դ!ԵՄ ԵՄ»-ն արդեն կարողանում է բավական կազմակերպված միջոցառումներ անցկացնել, չի սահմանափակվում միայն բողոքի ցույցերով, ծավալում է նաև իրազեկման, քարոզչական լուրջ աշխատանք, որն, ի վերջո, տալիս է իր արդյունքները: Առնվազն այն, որ այսօր իշխանությունը որոշ չափով նահանջել է կուտակային համակարգը նախկին տեսքով ընդունելու ցանկության մեջ, այն, որ ՍԴ-ն հրապարակեց հայտնի որոշումը, այն, որ կառավարությունը ստիպված է խորամանկությունների դիմել օրենքը գոնե մասամբ կիրառելու համար, արդեն իսկ «Դ!ԵՄ ԵՄ»-ի հաղթանակն է:

Սակայն որքան ավելի է կայանում քաղաքացիական այս շարժումը, այնքան այն ավելի է հեռանում քաղաքացիականությունից, քանի որ բովանդակությամբ մոտենում է քաղաքականությանը: Բայց որքան այն ավելի է մոտենում քաղաքականությանը, ըստ էության, այնքան «Դ!ԵՄ ԵՄ»-ի նախաձեռնողներն ավելի շատ են խուսափում քաղաքականացվելուց ֆորմալ առումով: Խուսափելով, սակայն, նրանք իշխանությանը ներկայացնում են դե ֆակտո քաղաքական, բացառապես քաղաքական պահանջներ, ինչը նշանակում է, որ «Դ!ԵՄ ԵՄ»-ը բովանդակությամբ դադարում է լինել ուղղակի քաղաքացիական նախաձեռնություն: Ամենաթարմ օրինակը «Դ!ԵՄ ԵՄ»-ի կողմից անցնող շաբաթվա ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված պահանջներն են:

«ՀՀ-ում առկա են խնդիրներ, որոնք պահանջում են ՀՀ կառավարության հրատապ միջամտությունն ու դրանց լուծմանն ուղղված կոնկրետ ծրագրեր. անպատասխանատու և ապաշնորհ պաշտոնյաների առկայություն ՀՀ կառավարությունում։ ՀՀ Կառավարության անարդյունավետ աշխատանք, որը հանգեցրել է ՀՀ քաղաքացիների աղքատության տոկոսի բարձրացմանն ու աղետալի չափերի հասնող արտագաղթին, ինչն իր հերթին վտանգի մեջ է դրել երկրի պաշտպանվածության աստիճանն արտաքին վտանգների առջև։

dem em (1)

ՀՀ Կառավարության` ՀՀ Սահմանադրությանը հակասող օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը և դրանց հեղինակների անպատժելիությունը։ ՀՀ Կառավարության և ՀՀ Ազգային ժողովի կողմից կոպիտ խախտումներով օրենսդրական նախաձեռնությունների ընդունումը։ ՀՀ ոստիկանության ապօրինի գործողությունները և երկրի տերը հանդիսացող ժողովրդի նկատմամբ թշնամական վերաբերմունքը։ Կոմունալ ծառայությունների սակագների անհիմն բարձրացումը»,- Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակում գրում են «Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամները:

Ակնհայտ է, որ վերը նշված բոլոր պահանջները մաքուր քաղաքական պահանջներ են, ինչպես որ «Դ!ԵՄ ԵՄ»-ի՝ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված «Վետոյի պահանջը»:

«Պարոն Սերժ Սարգսյան, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում վերջերս Ազգային ժողովում բազմաթիվ խախտումներով ընդունված Կուտակային կենսաթոշակների մասին օրինագծի վրա: ԱԺ-ն, մասնավորապես՝ քաղաքական մեծամասություն կազմող ՀՀԿ-ական պատգամավորները, 3 անգամ սեղմելով համապատասխան կոճակը, ընդունեցին մի օրինագիծ, որը խախտում է ՀՀ քաղաքացու իրավունքները և չի բխում հասարակական շահից… պահանջում ենք ականջալուր լինել ժողովրդի ձայնին և չվավերացնել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության կողմից ընդունված օրինագիծը, որը չի արժանանում հանրության հավանությանը:

Եթե մինչ այժմ ՀՀԿ-ում մնացել է գոնե մեկ սթափ անձնավորություն, ում համար ժողովրդի կարծիքն արժեք ունի, ապա այդ հակասոցիալական օրենքի արշավը պետք է օր առաջ դադարեցվի, այլապես ստեղծված անջրպետը՝ ժողովրդի և իշխանությունների միջև, ավելի խորանալով, կփաստի, որ ՀՀԿ-ն այլևս ի վիճակի չէ լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները և Հայաստանը կառավարում է ոչ թե ժողովրդավարական սկզբունքներով, այլ կուսակցական և նեղ անձնային շահերի առաջնահերթությամբ: Կոչ ենք անում Ձեզ՝ օգտագործել Ձեր՝ վետոյի իրավունքն ու կասեցնել այս անմարդկային ու քաղաքացու շահերից չբխող օրինագծի՝ օրենք դառնալու գործընթացը»,- Ս. Սարգսյանին գրել է «Դ!ԵՄ ԵՄ»-ի թիմը:

Այսպիսով, «Դ!ԵՄ ԵՄ»-ն արդեն ներկայացնում է քաղաքական պահանջներ, որն, ըստ էության, նույնն է թե՝ քաղաքականությամբ զբաղվելու հայտ, միաժամանակ՝ դեռևս «ֆիզիկապես զզվելով» քաղաքականությունից: Առաջին հայացքից փակուղային թվացող այս իրավիճակը, ըստ էության, երկու հնարավոր հանգուցալուծման տարբերակ ունի՝ կամ «Դ!ԵՄ ԵՄ»-ի նախաձեռնողները պետք է սկզբունքային որոշում կայացնեն քաղաքական միավոր ստեղծելու մասին, կամ պետք է դադարեն ներկայացնել քաղաքական պահանջներ:

Ակնհայտ է, որ առաջին տարբերակը միայն դրական հետևանքներ կունենա: Եթե երիտասարդներին հաջողվել է կարճ ժամանակում դրսևորել կազմակերպչական այդպիսի ունակություններ, նպատակասլացություն, հետևողականություն, ապա կարելի է ենթադրել, որ նույն որակները քաղաքականության մեջ կիրառելու դեպքում նրանք կկարողանան ստեղծել, ինչպես ընդունված է ասել, «նոր որակի» քաղաքական միավոր: Կուսակցություն, գուցե մի քանի կուսակցություն ու մի քանիսի դաշինք, երկրորդական հարց է: Էականն այն է, որ երիտասարդներն ունեն իրենց սկսած գործին քաղաքական ձևակերպում տալու և այդպիսով՝ ոչ միայն առանձին վերցրած խնդիր լուծելու, այլ նաև Հայաստանի քաղաքական համակարգի առողջացմանը նպաստելու լուրջ հնարավորություն:

Այլապես առավելագույնը նրանք կմնան նախարարների վրա մետաղադրամներ նետելու հնարամտության շրջանակներում: Դա գուցե ինտրիգային է ու անգամ համարձակ է թվում, սակայն կապ չունի այն բովանդակության հետ, որը, եթե երիտասարդներն անկեղծ են, իրենց դրդել է դուրս գալ փողոց ու պահանջներ ներկայացնել իշխանությանը:

 

Տեսանյութեր

Լրահոս