Թրամփը մտադիր է այցելել Չինաստան 2026 թվականի սկզբին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պլանավորում է այցելել Չինաստան 2026 թվականի սկզբին։ Նա հույս է հայտնել, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պատասխան այց կկատարի Միացյալ Նահանգներ և կհանդիպի իր հետ Վաշինգտոնում կամ Ֆլորիդայում։
Այս մասին նա խոսել է լրագրողների հետ ինքնաթիռում։
Թրամփը նշել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Չինաստանի ղեկավարի հետ: «Ես շատ հարգում եմ նախագահ Սիին: Նա ինձ շատ է դուր գալիս: Կարծում եմ՝ նա հարգում է ինձ և մեծ հարգանք ունի մեր երկրի նկատմամբ: Եվ կարծում եմ, որ մենք կկարողանանք կնքել գործարք՝ շահավետ մեր երկու երկրների համար», – ընդգծել է նա։
Ավելի վաղ Թրամփը հաստատել է, որ կհանդիպի Սի Ծինփինի հետ Կորեայի Հանրապետությունում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։ Մինչ այդ նա հայտարարել է, որ մեծ է համարում Չինաստանի հետ առևտրային գործարքի հասնելու հավանականությունը հաջորդ շաբաթ Սի Ծինփինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ։ ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների հանդիպումը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 30-ին:

