Երևի ընդդիմությունը փորձում է շեղել հանրության ուշադրությունը

Հունիսի 21-ին խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը: Սկզբում դա արեցին ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունները, ավելի ուշ նրանց միացան նաև ՀՅԴ-ական պատգամավորները: Քառյակի դժգոհության պատճառը նիստը վարող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի պահվածքն էր, ով հրաժարվում էր բավարարել քառյակի՝ 20 րոպեանոց ընդմիջում վերցնելու պահանջը: Արդյո՞ք ՀՀԿ-ականները ևս համարում են, որ ԱԺ նախագահը խախտել է օրենքը: Այս և մի քանի այլ հարցերի շուրջ է զրույցն ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:

– Հունիսի 21-ին ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները մի քանի անգամ փորձեցին 20 րոպեանոց ընդմիջում վերցնել, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այդ ընդմիջումը չհայտարարեց: Չե՞ք կարծում, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խախտեց ԱԺ կանոնակարգ-օրենքը, որի 61-րդ հոդվածի երրորդ կետը, ըստ որի՝ «Խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարների կամ քարտուղարների պահանջով հարցի քվեարկությունից առաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տևողությամբ»:

– Նախ՝ պետք է տարբերակենք երկու բան. եթե ակնհայտորեն երևում է, որ փորձ է արվում խաթարել ԱԺ բնականոն գործունեությունը, ապա ԱԺ նախագահն իր լիազորության շրջանակներում պետք է ապահովի ԱԺ բնականոն գործունեությունը: ԱԺ կանոնակարգ-օրենք գրողներն առաջնորդվել են ողջամտության կանխավարկածով, որ ամեն ինչ պետք է լինի ողջամտության սահմաններում: Եթե նույն հարցի շուրջ 20 րոպե ընդմիջում են վերցրել, և հետո փորձում են կրկին ընդմիջում վերցնել և փորձում են այդ ճանապարհով շփոթ ստեղծել, բնական է, որ ԱԺ նախագահը չպետք է նրանց նման հնարավորություն տար:

– Ոչ իշխանական ուժերը ոչ թե նույն, այլ տարբեր հարցերի քվեարկության ժամանակ էին ցանկանում ընդմիջում վերցնել, որի իրավունքը նրանք ունեին:

– Իմ կարծիքով՝ ընդդիմությունը, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ չունենալով այլ ասելիք, փորձում էր ընդամենը խառնաշփոթ ստեղծել: Կարող եք վերցնել սղագրությունները և տեսնեք, որ ոչ իշխանական, ընդդիմադիր ուժերից որևէ մեկի ներկայացուցիչն այդ օրենքի նախագծի վերաբերյալ բովանդակային ելույթ չունեցավ: Իսկ եթե քառյակը և գումարած ՕԵԿ-ը այս ընթացքում չկարողացան այլընտրանքային մոտեցում ներկայացնել, եթե նրանց վերջին շրջանում ակտիվ գործունեությունն այս հարցի շրջանակներում իր նպատակին չծառայեց, ինչ է, այդ 20-րոպեո՞ւմ է, որ նրանք պետք է դիրքորոշում ձևավորեին:

– 20 րոպե ընդմիջում վերցնելու իրավունքը փոքրամասնության համար խորհրդարանական պայքարի հնարավորություն է, որից խորհրդարանի նախագահը նրանց զրկեց, և ՀՀԿ որևէ ներկայացուցիչ չարձագանքեց դրան: Դուք և՞ս հավանություն եք տալիս Գալուստ Սահակյանի պահվածքին:

– Այդ նիստի ժամանակ ընդդիմությունը երկու-երեք ընդմիջում վերցնելու հնարավորություն ունեցել է, և դա, կարծում եմ՝ բավարար է:

– Ոչ թե երկու-երեք, այլ ընդամենը մեկ:

– Եթե չեմ սխալվում՝ մեկ անգամ ընդմիջում է վերցրել ՀԱԿ խմբակցությունը, իսկ երկրորդ անգամ՝ ԲՀԿ-ն, երբ նման առաջարկությամբ հանդես եկավ Վարդան Օսկանյանը:

– Ընդդիմությունը հայտարարել է, որ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան և վիճարկել այդ նիստի ժամանակ կատարված քվեարկությունների օրինականությունը, քանի որ դրանք տեղի են ունեցել ԱԺ կանոնակարգ-օրենքի խախտումներով: Մտավախություն չունե՞ք, որ ՍԴ-ն անվավեր կճանաչի այդ քվեարկությունները, և դրանով հարված կհասցվի ՀՀԿ-ի և ԱԺ-ի հեղինակությանը:

– Եկեք կանխավ եզրակացություններ չանենք, թե ՍԴ-ն ինչ վճիռ կկայացնի: Բացի այդ, ուշադրություն դարձրեք, նրանք չեն քննարկում ընդունված օրենքների բովանդակային մասը, նրանք քննարկում են այն հարցը` քվեարկությունն օրինակա՞ն է եղել, թե՞ ոչ, քվորում եղե՞լ է, թե՞ ոչ: Նրանք մի քիչ ոգևորվեցին նրանից, որ մեկ օր նիստն ուշ սկսվեց քվորումի բացակայության պատճառով: Ես ինչ-որ տեղ հասկանում եմ, որ իրենք ընդդիմություն են, իրենք էլ պայքարի իրենց մեթոդներն ունեն, բայց այդ մեթոդները պետք է լինեն ընկալելի և տրամաբանական: Որովհետև շատ հեշտ է պարզել, որ այդ քվեարկությունների ժամանակ դահլիճում քաղաքական մեծամասնությունն ունեցել է քվորում, և օրենքներն ընդունվել են քվորումի առկայության պայմաններում:

– Քառյակը չի վիճարկում քվորումի բացակայությունը, այլ այն, որ խախտվել է ԱԺ կանոնակարգ-օրենքը:

– Ես այդ ժամանակ դահլիճում էի, և ինձ թվաց, որ նրանք փորձում են նույն հարցի վերաբերյալ երկրորդ անգամ ընդմիջում վերցնել, և ԱԺ նախագահը հայտարարեց, որ մեկ անգամ ընդմիջում վերցրել են և այլևս իրավունք չունեն: Բայց եթե դիմելու են ՍԴ, թող դիմեն, և թող ՍԴ-ն որոշի, թե որքանով էին ԱԺ նախագահի գործողություններն իրավաչափ:

Բայց նորից եմ ասում, եթե ուզում ենք հասկանալ՝ օրենքն օրինակա՞ն է ընդունվել, թե՞ ոչ, պետք է նայել՝ եղե՞լ է դահլիճում քվորում, և արդյո՞ք պատգամավորների մեծամասնությունը քվեարկել է քվեարկության դրված օրենքի օգտին: Իսկ մյուս ընթացակարգային հարցերը. ընդմիջումը 20 րոպե եղավ կամ 10 րոպե, չի նշանակում, որ օրենքի նախագծի ստացած 68 կողմ ձայնը դարձավ 58 կամ 48: Այնպես որ, նիստի տեսաձայնագրություններով շատ հեշտ է ապացուցել, թե որքան մարդ կար դահլիճում, հաշվել և ըստ դրա՝ գալ եզրահանգման: Երևի ընդդիմությունը փորձում է շեղել հանրության ուշադրությունը և խուսափել պատասխանատվությունից, չնայած ճիշտ կլիներ, եթե այդ կուսակցություններից յուրաքանչյուրը հայտարարի, թե ինչ դիրքորոշում ունի ինքն այդ հարցի վերաբերյալ և ինչպես է պատկերացնում այդ հարցի լուծումը:

– Դուք ասում եք, որ ՀՀԿ-ն ունի քվորում և մեծամասնություն: Բայց այդ մեծամասնությանն ԱԺ-ում հնարավոր է պահել միայն շատ կարճ ժամանակ` 20-30 րոպե, միայն քվեարկությունների ժամանակ: Այդ մեծամասնությունը շատ արագ փախչում է ԱԺ-ից, և ոչ իշխանական ուժերն ուզում էին օգտվել այդ հանգամանքից, մտածելով, որ եթե մի քանի ընդմիջում լինի, ՀՀԿ-ն կկորցնի իր մեծամասնությունը: Ձեզ չի՞ մտահոգում այն, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները չեն ցանկանում մասնակցել նիստերին:

– Մենք այդ օրը 32 հարցի շուրջ քննարկումներ ենք կազմակերպել և օրվա մեջ երկու անգամ կազմակերպել ենք քվեարկություններ: Եթե մենք կարողանում ենք մի ամբողջ օր մինչև 19:40 նիստ անցկացնել, կազմակերպել քվեարկություններ և ապահովել պատգամավորների ներկայությունը, դա ցույց է տալիս, որ մենք քվորումի և նիստերին մասնակցության հետ կապված խնդիր չունենք:

– Դուք խոսում եք ամբողջ օրվա մասին, բայց այդ օրվա ընթացքում եղել են պահեր, երբ դահլիճում 131 պատգամավորից ներկա են եղել 5-6-ը, և այդպիսի ներկայացուցչական պայմաններում են տեղի ունեցել հարցերի քննարկումները:

– Չեմ բացառում նմանատիպ երևույթները և ես ինքս ասել եմ, որ դահլիճում պետք է ներկա գտնվեն ոչ իշխանական թևը ներկայացնող այն պատգամավորները, ովքեր կարող են այլընտրանքային կարծիք ներկայացնել: Եթե 7 ՀՀԿ-ական պատգամավոր ներկա է նիստին, և հարցի թեժ քննարկում է տեղի ունենում, բարձրացվում են հարցի հետ կապված բոլոր մտահոգությունները, ապա ճիշտ կլինի, որ ներկա լինի նաև ընդդիմությունը: Մեր ժողովուրդն ընդդիմությանը ձայն է տվել, որ ոչ թե իրենց քմահաճույքից ելնելով՝ որոշեն գալ կամ չգալ նիստերին, և ԱԺ նիստի աշխատանքը խաթարելով ինչ-որ խնդիր լուծեն, այլ բովանդակային և նպատակային քննարկում ծավալեն: Որովհետև ինձ համար իսկապես անհասկանալի է ընդդիմության պահվածքը, երբ նրանք տեսնում են, որ դահլիճում կա որակյալ մեծամասնություն՝ օրենքներն ընդունելու համար, և փոխանակ իրենց մոտեցումները ներկայացնելու, որոշում են բոյկոտել ԱԺ նիստը:

– Նրանք ասում են, որ իրենք չեն կարող մասնակցել մի նիստի, որտեղ խախտվում է օրենքը, որտեղ ոտնահարվում են իրենց իրավունքները:

– Ճիշտն ասած, ոչ իշխանական ուժերը ուզում են լինել թելադրող, ուզում են, որ իրենք թելադրեն մեծամասնության օրակարգը: Մենք հակված ենք կոնստրուկտիվ աշխատանքի, պատրաստ ենք երկխոսության, որը տեղի է ունենում հանձնաժողովներում, որտեղ շատ հաճախ ԱԺ ներկայացված օրենքների նախագծերի մեջ էական փոփոխություններ են լինում:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ընդդիմությունն ԱԺ Նիստերի դահլիճ վերադառնալու համար ինչ-որ նախապայմաններ առաջ քաշի, և ի՞նչ ազդեցություն կունենա ԱԺ աշխատանքների կազմակերպման վրա ոչ իշխանական ուժերի բոյկոտը:

– Չեմ կարող գնահատել մի իրավիճակ, որը հստակ չէ՝ կլինի՞, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս