Բաժիններ՝

«Գեոթիմը» բնապահպանական աշխատանքները մեկնարկել է նախքան ոսկու հանքի շահագործումը (լուսանկարներ, տեսանյութ)

Ամուլսարի ոսկու պաշարները հայտնաբերած «Գեոթիմ» ՓԲԸ-ն Հայաստանում միակ և առաջին հանքարդյունաբերական ընկերությունն է, որ բնապահպանական աշխատանքները սկսել է նախքան ծրագրի մեկնարկը: Ընկերությունը դեռևս հանքը չի շահագործում, սակայն նախքան հանքը շահագործելն արդեն լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացրել:

001

Ամուլսարի հանքի շրջակայքում՝ Սարավան համայնքում է գտնվում «Գեոթիմի» տնկարաններից մեկը: 168.am-ն այցելեց տնկարանները, որոնք հիմնվել են 2011 թվականից: Նախորդ տարի վերականգնողական աշխատանքների իրականացման համար 500 հազար դոլարից ավելի գումար է ծախսվել:

002

Կարդացեք նաև

«Գեոթիմ» ՓԲ ընկերության բնապահպանական և սոցիալական ծրագրերի համակարգող Արմեն Ստեփանյանը նշեց, որ Ամուլսարի հանքավայրի տարածքում ծառեր չեն աճում. «Տնկարանի ծառատեսակներն օգտագործվելու են ռեկուլտիվացիայի համար այլ տարածքներում նույնպես, ինչպես նաև հանքավայրի ենթակառուցվածքների տեսանելիության նվազեցման նպատակով»:

004

«Գեոթիմի» շրջակա միջավայրի փորձագետ Սերգեյ Արևշատյանը ներկայացրեց տնկարաններում ընթացող աշխատանքների մանրամասները. «Տնկարաններից մեկում աճեցվող բազմաթիվ ծառատեսակների որոշ մասն օգտագործվել է համայնքներում, կանաչապատման նպատակով, այդ թվում՝ Գնդեվազի ծառուղում: Այստեղ ունենք բազմաթիվ տեսակներ, սկսած ամենաբարձրալեռնային տեսակներից, օրինակ՝ կեչի: Ընտրվել են այն ծառատեսակները, որոնք դիմացկուն են բարձրլեռնային գոտու համար: Այսինքն՝ որոնք կարող են ապագայում կազմել ծառուղիներ կամ՝  կանաչապատ հատվածներ»:

007

Ծառերի մի մասն արդեն տեղափոխված է. «Խոսքը մի քանի հազարի մասին է, և այստեղ մենք ունենք շուրջ վեց-յոթ տասնյակ հազար ծառեր: Բայց վերջնական քանակի մասին կարող ենք խոսել, երբ այն ցանքերը, որոնք իրականացվել են, այդ թվում՝ անցյալ տարվա աշնանը, արդեն կդառնան ծառ»:

005

Տնկարաններում հատկապես կանանց զբաղվածության հարցն է լուծվել, քանի որ որոնողահետախուզական աշխատանքներում կանանց ներգրավումը բարդ է: Իսկ տնկարաններում «կինը գործ ունի, ինքը և´ իր տունն է պահում, և´ ունի եկամուտ»՝ ինչպես  հավելեց Ս. Արևշատյանը:

008

Բնապահպանական միջոցառումների մի մաս է կազմում նաև Ամուլսարում թռչնատեսակների ուսումնասիրությունը, որտեղ ներգրավված է նաև Հայաստանի թռչունների պահպանման միության փոխտնօրեն, էկոլոգ Լյուբա Բալյանը: Նա, արդեն երկրորդ տարին է,  մասնակցում է «Գեոթիմի» և «Լիդիանի» նախաձեռնությանը բնապահպանական գնահատական տալուն: Հանքի տարածքի շահագործումն ի՞նչ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա. այս հարցին պատասխանելու համար մասնավորապես ուսումնասիրվում է թռչունների չուն: Պարզում են, թե ի՞նչ թռչուններ են չվում, և արդյո՞ք հանքի շահագործումը կարող է խանգարել նրանց:

Ա. Ստեփանյանը հավելեց, որ, բացի ռեաբիլիտացիոն և կանաչապատման ծրագրերից, 2008 թվականից սկսած՝ ընկերությունը մեծ աշխատանքներ է իրականացնում՝ բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը տալու նպատակով. «Տվյալներ հավաքագրելու, շահագործման հետ կապված ռիսկերը և ազդեցությունները բացահայտելու և նվազեցնելու վրա մենք ծախսել ենք 5 մլն դոլարից ավելի գումար, ներգրավվել են թե´ տեղական, թե´ միջազգային անվանի լավագույն մասնագետներ, խորհրդատուներ»:

ԲԱՎԱԿԱՆ ԱՓԻՑԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս