Ի պաշտպանություն պետական ծառայողի. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Նկատած կլինեք՝ ամերիկյան մարտաֆիլմերում կինոնկարի մոտավորապես կեսին հերոսներից մեկը, որին մենք՝ միամիտներս, բացասական կերպար էինք համարում, «բացահայտվում է»՝ ասելով.

«Ես աշխատում եմ ԱՄՆ կառավարության համար»: Հատուկ գործակալ է կամ դրա նման մի բան: Կառավարության համար աշխատելու հանգամանքը շեշտվում է առանձին հպարտությամբ, եւ այստեղ, անշուշտ, կա նաեւ քարոզչության տարր՝ հերոսն այսպիսով շեշտում է, որ իզուր չի ստանում հարկատուների փողերը:

Հայաստանում պետության համար աշխատելը բացարձակապես հարգի չէ (բարեբախտաբար, բացառություն է բանակում ծառայելը): Պետական հիմնարկում աշխատողն ընկալվում է կամ որպես գող, կաշառակեր եւ ավազակ, կամ որպես խեղճուկրակ մարդ, որը ոչ միայն ստիպված է ապրել իր, մեղմ ասած, ոչ շքեղ աշխատավարձով, այլեւ ենթարկվել զանազան ճնշումների…

Երեք միլիոնանոց երկրի համար մեր պետական ապարատը չափից դուրս մեծ է, եւ իմաստ կա կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ կատարելու: Իսկ ահա պետական հիմնարկների երիտասարդ աշխատակիցներին կուտակային կենսաթոշակ պարտադրելը, ինձ թվում է, լավ գաղափար չէ:

Նախ՝ դա խտրականության դրսեւորում է՝ նման օրենքները, որքան ես հասկանում եմ, չպիտի գործեն՝ կախված նրանից, թե սեփականության որ ձեւին է պատկանում այն հիմնարկը, որտեղ աշխատում է քաղաքացին: Երկրորդ՝ դա հասարակական լարվածություն է ստեղծում. ինչո՞ւ նախարարության 35-ամյա աշխատակիցը կամ 35-ամյա բժիշկը, ուսուցիչը պետք է «ոչ բարի աչքով» նայի, ասենք, «Առավոտ» թերթի 35-ամյա լրագրողին, իրեն ճնշված եւ նեղացած զգա: Վերջապես, մեր հասարակության մեջ պետք է ոչ թե նսեմացնել, այլ հակառակը՝ բարձրացնել «կառավարության համար» աշխատողի վարկը»:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս