«Մենք ունենք օրենքներ, որոնք ուղղակի վարորդի իրավիճակը ճանապարհին դաձնում են անելանելի». Էդուարդ Հովհաննիսյան
«Հազարավոր, տասնյակ հազարավոր վարորդներ այսօր ընկել են այնպիսի իրավիճակի մեջ, որ ոչ մի տրամաբանական հիմք չկա, և փաստորեն դա իրականացվում է օրենքի շրջանակներում», -ասաց «Ավտովարորդների պաշտպանության» հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշեց, որ վարորդը կամ քաղաքացին, որն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով խախտում է կատարել և տուգանվել ճանապարհային ոստիկանության կողմից, եթե նա չի ծանուցվում, արդեն անմիջապես գործ է ունենում հարկադիր կատարողների հետ՝ շրջանցելով սահմանադրության 31 հոդվածը՝ այն է, որ գույքի բռնագաձումը կարող է կատարվել միայն դատական համակարգով. «Այդ հոդվածը վերացվել է անհասկանալի պատճառով՝ վարչական դատավարության օրենսգրքի 88 հոդվածի համաձայն, և հունվարի 1-ից դա սկսեցին իրականացնել: Բանն այն է, որ Ազգային ժողովը ընդունել է նաև մի հոդված՝ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 283 հոդվածի 6-րդ մասը, համաձայն որի, եթե փոստատարը թակեց այդ հաստեատիրոջ դուռը, ու դուռը չբացվեց, կամ փոտատարը հանձնեց մեկ այլ անձի, դա համարվում է պատշաճ ձևով ծանուցված։ Եվ ամենազարմանալին այն է, որ եթե անգամ այդ ծանուցման մեջ չկա որևէ ստորագրություն, ապա դա էլ է համարվում ծանուցված, նաև հանձնված հասցեատիրոջը: Այսինքն՝ գալիս է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (ԴԱՀԿ) տալիս է երկու պայման՝ կամ պետք է վճարես՝ դրան գումարած ԴԱՀԿ-ի ծառայության վճարը, կամ պետք է դիմես դատարան: Իսկ քաղաքացու համար դատարան դիմելը դառնում է անիմաստ, որովհետև նրա գույքի վրա դրված է արգելանք՝ թե անշարժ գույքի, թե շարժական, թե գումարի: Եվ փաստորեն, եթե քաղաքացին դիմում է դատարան, ուրեմն պետք է սպասի այնքան, մինչև այդ վեճը ավարտվի, այսինքն՝ նա զրկվում է իր գույքից օգտվելու իրավունքից: Իսկ եթե քաղաքացին լինում է արտասահմանում, դա ընդհանարպես ողբերգություն է դառնում այդ մարդու համար, որովհետև նա արտասահմանում հանկարծ չի կարողանում իր քարտից օգվել: Հիմա հարց է ծագում, թե ինչու ընդունվեց նման օրենք»,- ասաց Է. Հովհաննիսյանը:
Նա նկատեց, մենք ունենք օրենքներ, որոնք ուղղակի վարորդի իրավիճակը ճանապարհին դաձնում են անելանելի. «Մենակ ասում են՝ թող խախտում չանի»:
Այն դիտարկմանը, որ շատ հաճախ վարորդներն իրոք խախտումներ անելով անտարբեր են վերաբերվում ծանուցումներին, ու երբ դրանք կուտակվում են, նրանք սկսում են կառավարությանը մեղադրել, Է, Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ դեպքերն այսօր կարգավորվում են օրենքով, օրենսդրությունն այդ վիճակը կարգավորում է, բայց վարորդին տրվում է 2 ամիս՝դատարան դիմելու համար, իսկ 2 ամիս հետո դա դառնում է անբողոքարկելի, արդեն տուգանքի չափը հնգապատկվում է, սպասում ես, թե դատարանից երբ կգա այդ ծանուցումը»:
Նա նշեց, որ ինքը նամակ է գրել վարչապետին և Ազգային ժողովի նախագահին՝ նշելով մի շարք փաստեր, դրույթներ. «Առաջինը, որ եռապատիկը, հնգապատիկը վերացվի, կամ փոխարինվի մեկ այլ տուժով: Երկրորդը՝ ԴԱՀԿ-ի վերաբերյալ է, որ շրջանցում են 31 հոդվածը՝ անմիջապես ուղարկելով բռնագանձել գումարը: Երրորդն այն է, որ ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ տերմինալով վճարվում էր, և եթե տերմինալի գումարը չէին վճարում, վարորդի համար դառնում էր 200 հազար 3 հարյուր դրամ: Գրել էինք մի շարք այլ անհամաչափությունների մասին նույնպես: Մեր նամակի համաձայն, Արդարադատության խորհրդում քննարկվեց այդ հարցը, բայց փաստորեն այդ հացերին չարձագանքեցին, չնայած դեռ վերջնական փաստաթուղթը չկա, երևի շուտով կունենանք»:
Անի Քեշիշյան