Աղվան Վարդանյանի համար ամենակարևորը կանխատեսելիությունն է
Էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրը դրական կամ բացասական գնահատելու խնդիր չկա: Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, կա երկու հիմնական բան՝ ՀՀ քաղաքացիների և տնտեսվարողների համար պետք է լինի որոշակի կանխատեսելիություն, որովհետև բացառված չէ, որ վեց ամիսը մեկ կամ մեկ տարի հետո կարող է նորից նույն պատկերը լինի: Ըստ նրա՝ դա մարդկանց զրկում է ծրագրեր կազմելու և բիզնես պլաններ մշակելու, ներդրումներ անելու հնարավորությունից:
Երկրորդը, Ա.Վարդանյանի խոսքով, սոցիալական խնդին է, որ կառավարության մտահոգությունը պետք է լինի: Նրա վստահությամբ, այն ճեղքվածքը, որ նկարագրվում է, ունի նաև դրանք փակելու այլ աղբյուրներ և կառավարության առջև այդ հարցերը դրվելու են. «Եվ էլցանցերը, և Երևանի ՋԷԿ-ը ունեն ներգրավված վարկեր, որոնց արտոնյալ ժամկետները ավարտվել են և մայր գումարի ու տոկսների փակելու ժամանակն է, որ մեծ գումարներ են կազմում: Կառավարությունը կարող է գտնել միջոցներ այդ վարկերը վերաձևակերպելու և որոշ ժամանակ այդ խնդիրներից ազատելու համար: Այսինքն, խնդիր կա ամբողջ էներգետիկ համակարգն աուդիտի ենթարկելու և բոլոր խնդիրները հասկանալու, որը կանխատեսելի կդարձնի»:
Նա վստահություն հայտնեց, որ համակագային մոտեցման դեպքում հնարավոր է այլ լուծումներ գտնել 20 մլրդ-ի ճեղքվածքը փակելու, բայց ամենակարևորը կանխատեսելիություն պետք է լինի. «Որևէ բան ինձ չի կարող համոզել, որ այս թանկացումները եթե լինեն, մեկ տարի հետո նույն իրավիճակը չի լինելու: ՀՀ-ում էլէներգիան զգալի թանկացել է 1997թ-ին, 2009-ին, 2013-ին և հիմա նորից թանկանում է և վտանգ կա, որ դա կարող է անընդհատ ցիկլ լինել»:
Դիտարկմանը, որ ՀԷՑ-ը սնանկ վիճակում է, Ա.Վարդանյանը պատասխանեց, որ արձանագրված է, որ Էլցանցերը 5 մլրդ դրամի ներդրումներ է կատարել, բայց թե որքանով է դա իրական, ՀԾԿՀ-ն վստահեցրել է, որ մոնիթորինգ է արվել: Սակայն, ըստ Վարդանյանի, սա ոչ միայն մեկ ընկերության հետ է կապված, այլ ամբողջ համակարգը անկախ աուդիտի կարիք ունի. «Այն ծախսերը, ինչ այսօր ՀԷՑ-ի մասով կան, ընդհանուր 20 մլրդի մեջ մեծ տոկոս է կազմում: Ակնհայտ է, որ ՀԷՑ-ում գործերը լավ չեն: Որքանո՞վ է օբյեկտիվ, որքանո՞վ է վատ տնտեսվարոման արդյունք, ես վստահ եմ, որ երկու կողմն էլ կա»: