Բաժիններ՝

Ես գիտեմ՝ ինչպիսին է երջանիկ մարդու դեմքը

Ինչի՞ մասին գրել այսօր: Գուցե Սահմանադրական դատարանի նոր անդամի՞: Այսինքն՝ մարդկանց այն տեսակի, որոնք ցանկանում են դառնալ անկենդան, գոյություն չունեցող մի կառույցի անդամ, քանի որ այդ կառույցում շատ բարձր աշխատավարձ են ստանում (մեկ միլիոն դրամ և ավելի), օգտվում են սպասարկող շքեղ, սև ավտոմեքենայից, հագնում են սև թիկնոցներ ու արդարադատություն իրականացնում՝ հանուն Հայաստանի Հանրապետության:

Սակայն ՍԴ անդամների, նրանց շարքերը համալրած նոր անդամ Արայիկ Թունյանի դեմքերը չափազանց լարված են, անուրախ: Ի՞նչն է պատճառը, որ այս մարդիկ տխուր են, կարծես՝ կյանքից ավելին են սպասում` այն դեպքում, երբ ճակատագիրը նրանց համար սահմանել է բարձր աշխատավարձով, սպասարկող մեքենաներով հրաշալի մի աշխատանք՝ իրականացնել արդարադատություն: Սակայն նրանց մասին չէ, որ ուզում եմ գրել:

Ինչի՞ց է կախված մեր կյանքի որակը: Գազի, էլեկտրաէներգիայի գների՞ց: Եղանակի՞ց: Ընտրությունների՞ց:

Գազի ու էլեկտրաէներգիայի գները բարձր են, սակայն ստացվում է` ոչ այնքան, որ դժգոհ մարդիկ փողոց դուրս գան: Ուրեմն՝ այս ոլորտում ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Եղանակի՞ց: Եղանակը հրաշալի է՝ չհաշված ապրիլին տեղացած ու ծիրանի ողջ բերքը փչացրած ձյունն ու կարկուտը: Ընտրությունների՞ց: Դրանք անցնում են ուղղակի հրաշալի՝ ամեն անգամ՝ մեկ քայլ առաջ: Դա արձանագրում են անգամ եվրոպացի պեդանտ դիտորդները:

Այդ դեպքում՝ ինչո՞ւ կյանքը հրաշալի չէ: Այդ դեպքում` ինչո՞ւ ինչ-որ բան այն չէ: Ինչո՞ւ է բոլորիս դեմքը մռայլ: Ժպտում ենք ֆոտոխցիկի առաջ միայն՝ արհեստական, լարված, հայելու առաջ հազար անգամ փորձած ժպիտով, որպեսզի տեղադրենք ֆեյսբուքում, ու բոլորը տեսնեն՝ մենք, այդուհանդերձ, երջանիկ ենք:

Տխուր դեմքերի պատճառն աղքատությունը կամ կարիքը չեն: Շատերն են վատ ապրում, սակայն մեր երկրում հարուստներն էլ երջանիկ չեն. քաղաքում շրջում են զինված թիկնազորով, վախենում են իրենց կյանքի համար: Գուցե վախենում են անժամանակ մահի՞ց: Իսկ թվում է՝ այնքան երջանիկ են՝ թանկարժեք մեքենաներով, երիտասարդ գեղեցկուհիներով շրջապատված: Տնամերձ տարածքներում մռնչում են զանազան կենդանիներ, խավիարը կարող են ուտել գդալներով: Սակայն, միևնույն է, նրանց դեմքերը մռայլ են, խոժոռ:

Բայց ես գիտեմ մի տարբերակ, դեղամիջոց, որը կարող է փոխել յուրաքանչյուրիս կյանքը, մեզնից յուրաքանչյուրին դարձնել, չեմ վախենում ասել այդ բառը, երջանիկ: Կարող եք չհավատալ, քանի որ մեր պատկերացմամբ՝ մեզ կարող է ապաքինել միայն շվեյցարական արտադրության թանկարժեք դեղը, որի բաղադրությունը գրված է տասը լեզվով, և այն պետք է բերված լինի հատուկ Ձեզ համար: Եվ դժվար է հավատալ, որ Ձեր երջանկությունը գալիս է ոչ թե հեռավոր Շվեյցարիայից, այլ բոլորից մոռացված մի վայրից: Խարբերդից: Կարող եմ նշել ավելի կոնկրետ, ամբողջական հասցեն՝ Խարբերդի հատուկ մասնագիտացված մանկատուն:

Այն, ինչ կառաջարկեմ, կարող է կախարդական ազդեցություն ունենալ յուրաքանչյուրի վրա՝ առանց մեկ դրամ իսկ ծախսելու: Խոսքը «Շողակաթ» հեռուստաընկերությամբ ցուցադրված մի ֆիլմի մասին է:

Ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը Մարինե Քոչարյանն է: Ֆիլմը վերնագրված է «Երեխաների դեսպանը Հայաստանում»: Կոկիկ, փայլեցրած անվանումը՝ Խարբերդի մասնագիտացած մանկատուն, թաքցնում է այն, ինչ իրականում կա այնտեղ՝ ծնողների կողմից լքված, մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխաներ: Եվ կյանքի ամեն վայրկյանը մաքառման մեջ անցկացնող և լքված այդ երեխաների կողքին՝ բարի դեմքով մի մարդ՝ Մարիո Մատուսը:

Նա Հայաստան էր եկել, քանի որ կինը նշանակվել էր Հայաստանում Բրազիլիայի դեսպան: Պարոն Մատուսը մասնագիտությամբ համաճարակաբան է: Նրա ընկերները խորհուրդ են տվել Հայաստանում այցելել Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ինչն էլ արել է՝ հետը տանելով 4-5 կգ շոկոլադ: Այն, ինչ Ամանորին կամ ցուցադրական այցերի ժամանակ ընդունված է անել Հայաստանում: Սակայն այս երեխաների կյանքը դժվար է քաղցրացնել անգամ աշխարհի բոլոր շոկոլադե կոնֆետներով: Եվ դա պարոն Մատուսը հասկացել է` երեխաներին տեսնելուն պես. «Բոլոր երեխաները հատակին էին, մի կերպ էին տեղաշարժվում, երբեմն՝ ուղղակի սողալով: Ասացի՝ ո՛չ, մենք կարող ենք փոխել այս իրավիճակը»: Պարոն Մատուսը սկսել է ուսումնասիրել տարբեր երկրների փորձը. «Աշխարհի մյուս ծայրում երեխային քայլել սովորեցնելու լրիվ այլ մեթոդներ կան»:

Մի երկաթագործի խնդրում է հատուկ քայլակներ պատրաստել, որոնք երեխային ակտիվ գրկում են, բայցև հնարավորություն են տալիս աշխատեցնել մկանները: Ապա նոր սարքավորում է մտածում, որի վրա երեխան կորցնում է ծանրության զգացողությունը և կարող է մարզվել. «Մի երեխա կար, անընդհատ լաց էր լինում: Դրեցինք այդ սարքավորման մեջ, սկսեց ծիծաղել, երջանկացավ, թռվռում էր»: Երեխաների համար նա համակարգչային դասարան է ստեղծում՝ հատուկ աթոռներով, քանի որ այս երեխաներից շատերն ինքնուրույն աթոռին նստել չեն կարող, վայր կընկնեն: Նրա դեսպան կինը երեխաների համար իրենց տանը կազմակերպում էր ճիշտ այնպիսի ընդունելություններ, ինչպիսին կազմակերպում են իրենց գործընկեր դիվանագետներին ընդունելիս՝ բարձրաշխարհիկ երեկույթի կանոններով, դասական երաժշտություն կատարող կվարտետով:

Մենք՝ համակարգչի առաջ օրվա զգալի մասն անցկացնող, խոշոր մտածողներս, հետևում ենք աշխարհաքաղաքական զարգացումներին, խորհում մեր երկրի ապագայի մասին, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին: Կոնկրետ, չափազանց կոնկրետ մարդուն մեկ րոպեով անգամ երջանկացնելը մեր ծրագրերի մեջ չի մտնում, քանի որ միջազգային լարված իրավիճակը, աշխարհաքաղաքական զարգացումների մասին դառը խոհերը դրա ժամանակը չեն թողնում: Մենք ուզում ենք կառչել կյանքից՝ դառնալ ՍԴ անդամ, պատգամավոր, ճանկել այս կյանքի ամենահամեղ կտորները, որ, հանկարծ, մեկ ուրիշին բաժին չհասնի: Բայց, միևնույն է, աշխարհի դարդերից մեր դեմքերը մռայլ են ու դժգոհ:

Պարոն Մարիո Մատուսի դեմքը լարված չէր և ոչ էլ ջղային, թեև նա ամեն օր շփվում էր ֆիզիկական անմարդկային ցավեր ունեցող, անգամ սեփական ծնողներից մերժված երեխաների հետ: Նրա դեմքը չափազանց խաղաղ էր, քանի որ նրա մտքով չի անցել դառնալ պատգամավոր կամ ՍԴ անդամ և ոչ էլ ճարպիկ պաշտոնյա՝ Հարկայինում: Նա պարզապես Մարդ է: Իսկ դա երջանիկ լինելու, թերևս, միակ պայմանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս