Օբամայի եվրոպական այցը կարող է շատ նախանշել, թե Ռուսաստանն ինչ նոր հարվածներ կարող է հասցնել Երևանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին Լեհաստանում հայարարել է, որ Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցներին պաշտպանելը ԱՄՆ սրբազան պարտականությունն է:

Օբաման Եվրոպայում շրջագայելու է մի քանի երկրներում` Լեհաստան, Բելգիա, Ֆրանսիա: Դաշնակցային ուժերի հաջողության 70-ամյակն անցկացվում է ոչ իհարկե համաշխարհային պատերազմի, սակայն միջազգային բարդ իրադրության և ըստ էության սառը պատերազմի պայմաններում:

Եվ ահա, այս տեսանկյունից հետաքրքրական է Օբամա-Պուտին հանդիպման հավանականությունը: Երեկ հայտնի է դարձել, որ Արևմուտքի հետ սառը հարաբերությունների մեջ մտած և արևմտյան պատժամիջոցների ենթարկվող Պուտինը Ֆրանսիայում հանդիպումներ ունենալու է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ, իսկ ահա Օբամայի հետ հանդիպելու հարցն անորոշ է:

Օբաման իր եվրոպական ուղերձը սկսել է Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության ավելացման մասին մեսիջներով, թեև ռազմական փորձագետները գործնական առումով այնքան էլ լուրջ քայլեր չեն կանխատեսում:

Սակայն տվյալ պարագայում կարևորն, իհարկե, մեսիջներն են, առավել ևս, որ ԱՄՆ նախագահը դեռ պետք է հանդիպումներ ունենա ՆԱՏՕ-ում, և կարող են հնչել նոր հայտարարություններ: Այս տեսանկյունից սառույցը ոչ միայն չի հալչում, այլ ըստ էության կարող է էլ ավելի կարծրանալ:

Վերոնշյալ զարգացումները անպայմանորեն անդրադառնալու են նաև կովկասյան տարածաշրջանի վրա, ինչը նշանակում է նաև անդրադարձ Հայաստանի վրա:

Հայաստանի, որին մի քանի օր առաջ Աստանայում նվաստացրին, այսպես ասած, դաշնակիցները: Եվ եթե ԱՄՆ-ն իր «սրբազան պարտքն» է համարում եվրոպացի դաշնակիցներին պաշտպանելը, ապա Հայաստանի, այսպես ասած, եվրասիացի դաշնակիցները կարծեք թե իրենց «սրբազան պարտքն» են համարում Հայաստանին պարբերաբար նվաստացնելը և հայաստանյան շահերը ոտնահարելը:

Եվ ինչքան միջազգային իրադրությունը լարվում է կամ բարդանում, այնքան Հայաստանի համար նորանոր մարտահրավերներ են առաջանում հենց «դաշնակիցներից» թելադրվող: Օբամայի եվրոպական այցն, ըստ էության, կարող է քիչ թե շատ նախանշել, թե ինչ կլինի Հայաստանի հետ առաջիկայում, և Ռուսաստանն ինչ նոր հարվածներ կարող է հասցնել Երևանին»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս