TANAP գազատարով կարող է մատակարարվել նաև թուրքմենական գազը. Թաներ Յըլդըզ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը չի բացառել, որ հետագայում «Անդրանատոլիական» գազատարով (TANAP)  կարող է մատակարարվել թուրքմենական գազը:

Յըլդըզի խոսքերով՝ ներկա դրությամբ ընթանում են համապատասխան բանակցություններ: Յըլդըզը հայտարարել է, որ մինչև 2035 թվականն էներգետիկ պահանջարկն ապահովելու համար աշխարհում կատարվելու է մոտ 18 տրիլիոն դոլարի ներդրում:

Յըլդըզն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի աշխարհագրական դիրքի ընձեռած առավելությունների վրա, որ նրա արևելքում գտնվում է աշխարհի էներգետիկ բոլոր աղբյուրների 65 տոկոսը, իսկ արևմուտքում՝ դրանց սպառման 65 տոկոսը:

Նշելով, որ ադրբեջանական գազը TANAP գազատարով կհասցվի Եվրոպայի հարավ՝ Յըլդըզը հայտարարել է, որ նույն երթուղով կարող է մատակարարվել նաև թուրքմենական գազը:

Հիշեցնենք, որ պլանավորված է թուրքմենական գազն Ադրբեջան հասցնել Կասպից ծովի հատակով՝ «Անդրկասպյան» խողովակաշարով: Ի դեպ, մայիսի վերջին Բաքվում տեղի ունեցավ Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջին եռակողմ հանդիպումը: Պլանավորված է երկրորդ հանդիպումն անցկացնել մինչև ընթացիկ տարեվերջ:

Տեսանյութեր

Լրահոս