Գյուղատնտեսության ոլորտի կատարողական 77.3% է
Գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնաբուծության և որսորդության բնագավառներում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 18.2 մլրդ դրամ կամ ծրագրվածի 77.3%-ը: Այսօր ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ շեղումը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության և ոռոգման բնագավառներում արտաքին աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի կատարողականով:
Գյուղատնտեսության դասի ծախսերը կազմել են ավելի քան 9.3 մլրդ դրամ կամ ծրագրվածի 83.7%-ը: Նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության դասի ծախսերն աճել են 2.5%-ով կամ 226.8 մլն դրամով, իրականացվել են 26 ծրագրեր:
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող` «Գյուղական կարողությունների ստեղծումե վարկային ծրագրի շրջանակներում ծախսվել է շուրջ 359 մլն դրամ: Ծրագրի ծախսերը 44.2%-ով զիջել են նախատեսված ցուցանիշը: ՀԲ աջակցությամբ իրականացվող համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրի շրջանակներում ծախսվել է շուրջ 1.4 մլրդ դրամ կամ նախատեսվածի 82.7%-ը:
ՕՊԵԿ զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Գյուղական կարողությունների ստեղծումե վարկային ծրագրի շրջանակներում ծախսվել է 2.3 մլրդ դրամ: Ծրագրի ծախսերը 28.4%-ով զիջել են նախատեսված ցուցանիշը: Չնայած ծախսերի թերկատարմանը, անցած տարի, ըստ պաշտոնյաների, գյուղատնտեսության դասում ընդգրկված 10 ծրագրերի գծով արձանագրվել է 100% կատարողական:
Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության ծախսերը կազմել են 550 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերը նվազել են 7.9%-ով կամ 46.9 մլն դրամով` պայմանավորված ներկրված սերմերի ծավալների նվազմամբ։ Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծախսերը կազմել են շուրջ 634.5 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 9.8%-ով կամ 56.5 մլն դրամով: