Դե յուրե գոյություն ունի անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իսկ Ղրիմը անկախ պետություն չէ. ռուս փորձագետ
«Խնդիրն այն է, որ բոլորը համաձայնել են, որ Ղրիմը դե ֆակտո Ռուսաստանի մաս է: Փաստացի, Բելառուսն ու Ղազախստանը, ստորագրելով այս պայմանագիրը, ընդունում են, որ Ղրիմը Ռուսաստանի տարածք է: Բայց Ռուսաստան-Ղրիմ և Հայաստան-Ղարաբաղ լրիվ տարբեր պատմություններ են, քանի որ դե յուրե գոյություն ունի անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իսկ Ղրիմը անկախ պետություն չէ և ներկայումս Ռուսաստանի տարածք է: Դրա համար այդ հարցերն այնքան էլ համեմատելի չեն: Հայաստանի դեպքում միասնական հայկական պետություն դեռ չի ստեղծվել: Իրականում, դա հիմք է և իրավունք է տալիս Նազարբաևին հարցեր տալ չճանաչված պետության վերաբերյալ»,- 168.am-ին ասել է Ռուսաստանի Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Նազարբաևը Ղարաբաղի մասին խոսելիս շրջանցեց Ղրիմի հարցը:
Ըստ նրա, խոսք չկա, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու որոշմամբ Ղարաբաղի հետ ֆորմալ բաժանումը կճանաչվի, բայց Ռուսաստանն ավելի հեռուն է գնացել, քան Հայաստանը, և կարևոր քայլ է արել և հանել է Ղրիմի հարցը. «Բոլոր խնդիրները քննարկվում են այն տեսանկյունից, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է: Իսկ Բելառուսի և Ղազախստանի համար կորցնել այնպիսի գործընկեր, ինչպիսին Ռուսաստանն է, հասկանալի է, դա շատ բացասական հետևանքներ կունենա: Դրա համար նրանք դե ֆակտո ընունել են, որ վիճելի հարցեր չկան: Պարզապես Ղրիմում արտադրված ապրանքները մակնշվելու են` «Արտադրված է Ռուսաստանում», և կվաճառվեն և՛ Բելառուսում, և՛ Ղազախստանում, և ոչ մեկն այդ հարցով չի ընդվզի»,- ասել է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: