Ինչո՞ւ է մարդակերությունը նորից «հարգի» դարձել հայկական վերնախավում. «Առավոտ»

«Ուկրաինայում եւս մեկ անգամ տեղի ունեցավ նախագահի ընտրություն, որի արդյունքները ոչ հասարակության, ոչ հիմնական քաղաքական ուժերի, ոչ ընտրությունների մասնակիցների, ոչ էլ միջազգային դիտորդների կողմից կասկածի տակ չեն դրվել»,- գրում է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ ավելացնելով.

«Նախկին խորհրդային հանրապետություններից նման ընտրություններ տեղի են ունեցել նաեւ Բալթյան երկրներում, Մոլդովայում, Վրաստանում: Կարելի՞ է արդյոք ասել, որ այդ երկրները դրանից դրախտավայր են դարձել: Իհարկե՝ ոչ: Այնտեղ խնդիրները նույնքան շատ են, որքան Հայաստանում կամ, ասենք, Ղրղըզստանում:

Եվ այդ խնդիրների թվում են նաեւ աղքատությունը, կոռուպցիան, արտագաղթը` թող ոչ ոք վարդագույն ակնոց չդնի: Բայց այդ ազգերը վերջին 20 տարում կարողացել են կատարել բեկումնային քայլ (եթե ուզում եք, անվանեք դա բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն կամ ավազակապետության կազմաքանդում), որը թույլ է տալիս նրանց ապրել ազգային եւ պետական արժանապատվության բոլորովին այլ մակարդակում եւ ընթանալ զարգացման ուղով: Ասում են՝ եթե մենք գնանք այդ ճանապարհով, թուրքերը մեզ կուտեն, Ղարաբաղը մեր ձեռքից կառնեն, կմնանք առանց գազ, սովից կկոտորվենք:

Այսօր ռուսաստանցի չինովնիկները, երբ նրանց հարցնում ես, սիրով կրկնում են այդ սպառնալիքները: Բայց այս ամենը մենք լսել ենք նաեւ 1990-1991 թվականներին եւ, իմանալով, որ դժվար է լինելու, կատարել ենք մեր գիտակցական ընտրությունը եւ Արցախում հաղթել ենք հենց դրա շնորհիվ: Ինչո՞ւ է հիմա այդ մտածելակերպը «մարգինալ» հռչակվում:

Եվ, ի դեպ, ինչո՞ւ մարդակերությունը, որը դատապարտվել է (ճիշտ է՝ կիսատ-պռատ, անհետեւողականորեն) 60 տարի առաջ, հիմա նորից «հարգի է» հայկական վերնախավում, եւ ժամանակակից Հայաստանում հանկած «պարզվել է», որ Ստալինը, Բերիան, Միկոյանը, հավանաբար, նաեւ` Մուղդուսին, բավականին դրական պետական գործիչներ էին: Շուտով դատելու են Շանթ Հարությունյանին: Նրա գաղափարները ես կիսում եմ: Նրա մեթոդներն ինձ համար խորթ են: Որովհետեւ Երեւանի խաղաղ փողոցներն ինձ համար նույնպես ազգային արժեք են»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս