Երեմ Սարգսյանը՝ Գոռ Առաքելյանին ներկայացված մեղադրանքի մասին. Այստեղ սպանության մասին որևէ նշույլ, որևէ ապացույց չկա

Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների արդյունքում տուժած 5 անձանցից մեկը բողոք չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց մեղադրյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Լրագրողների հարցին՝ ի՞նչ ընթացք կստանա գործը, եթե տուժած անձինք բողոքեն, փաստաբանը պատասխանեց. «Այս մեղադրանքի պայմաններում տուժողի բողոքի առկայությունը կամ բացակայությունը հետագա քրեական պատասխանատվության ենթարկվելու առումով որևէ նշանակություն չունի: Այստեղ խոսքը կարող է գնալ տուժողի վերաբերմունքի մասին, որը հետագայում, եթե լինի հանցագործություն, հանցագործության համար նշանակվող պատժի համար որևէ նշանակություն կարող է ունենալ»:

«Ես այս պահին խոսում եմ այն ապացույցների մասին, որոնք ներկայացվեցին դատարան՝ հիմնավոր կասկածը հիմնավորելու համար: Այդ ապացույցներով ակնհայտ է, որ նշված մեղադրանքների մասին բացարձակապես խոսք չի կարող գնալ: Այստեղ սպանության մասին որևէ նշույլ, որևէ ապացույց չկա»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ առայժմ չի հայտնի՝ Գոռ Առաքելյանն ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ Գ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով), ինչպես նաև՝ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Փաստաբանի խոսքով՝ հանրային վայրում կրակելը չի կարող վկայել խուլիգանության մասին. «Խուլիգանության համար պետք է հստակ լինի ուղղակի դիտավորություն, որ անձը ցանկանա կոպիտ կերպով խախտել հենց հասարակական կարգը, որը կզուգորդվի կոնկրետ գործողություններով, այս դեպքում կրակոցով»:

Կարդացեք նաև

«Համենայնդեպս կան վկաներ, որոնք հստակ նշել են իրադրությունը՝ թե ինչ է տեղի ունեցել: Նշված հանգամանքների առկայութան դեպքում բացառվում են նախ խուլիգանական դրդումները, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակը, առավել ևս՝ երկու և ավելի անձանց սպանության փորձը: Ես հստակ նշեցի՝ բոլորի վնասվածքները որովայնից, գոտկատեղից ներքև հատվածում են: Եթե գտնում ենք, որ ցանկացած անձ բոլորին սպանելու դիտավորություն ունի ու հնարավորություն կա կրակելու՝ իր դիմաց կանգնած, ի՞նչ եք կարծում՝ ոտքերին կկրակի՞, թե՞ որովայնից վերև՝ կենսականորեն ավելի կարևոր օրգաններին»,- ավելացրեց փաստաբան Երեմ Սարգսյանը:

Լրագրողների հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ կրակոցներից վիրավորված անձանց կարգավիճակը փոխվի՝ հաշվի առնելով այն տեղեկությունները, թե կրակոցներից վիրավորված անձանցից երկուսը հրահրել են, Երեմ Սարգսյանը պատասխանեց. «Համենայնդեպս, Գոռ Առաքելյանի մեղադրանքի ձևակերպման մեջ ինչ-որ նշույլներ, հանցակազմի հատկանիշներ կան: Բայց այս պահին անհնար է հստակ ասել, թե ինչ ապացույցներ ունի նախաքննական մարմինը՝ մեղադրանք կառաջադրի՞, կարգավիճակ կտա՞, թե՞ ոչ»:

vernisaj

Շենքի կողքին գտնվող ստորգետյա ավտոտնակի մոտ, որի շրջակայքում տեղի է ունեցել դեպքը, տեսախցիկ է տեղադրված: Երեմ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք քրեական գործում կա՞ տեսանյութ: «Եթե անգամ կա, մենք դա չենք տեսել»,- պատասխանեց նա:

Փաստաբանը նշեց նաև, որ դեռևս չի պատասխանի հարցին՝ արդյոք Գոռ Առաքելյանը մարմնական վնասվածքներ ունի՞, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս