Վոլոդյա Ավետիսյանի գործով վկաներից երկուսը Հայաստանում չեն
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը: Դատարան չեն ներկայացել գործով երեք վկաներ: Դատական նիստերի քարտուղարն ասաց, որ երկու վկաները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, մեկը՝ Վրաստանում: Դատարանն ավելի վաղ որոշում էր կայացրել նրանց բերման ենթարկելու մասին. վկաներից Վարդան Կարապետյանի կինը ոստիկանների այցելության ժամանակ հայտնել էր, որ ամուսինեը մեկնել է ՌԴ, իսկ մինչ այդ դիմում է ներկայացրել դատարանին այն մասին, որ հիմք ընդունեն իր նախաքննական ցուցմունքները: Վկայի կինը նաև ասել էր, որ ամուսինը չի խուսափում դատաքննությունից: Գործով դատախազը միջնորդեց հրապարակել նշված վկաների ցուցմունքները, ինչպես նաև ի կատար ածել դատարանի որոշումը և հրապարակել նաև վկա Հենրիկ Հարոյանի նախաքննական ցուցմունքները:
Հիշեցնենք, որ Հենրիկ Հարոյանն ավելի վաղ ներկայացել էր դատարան, հայտարարել, որ ոչինչ չի հիշում, այնուհետև հեռացել էր Հայաստանից: Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ իրենք հնարավորություն չեն ունենալու հարցեր ուղղել վկաներին: Դատավոր Լևոն Ավետիսյանը որոշեց բավարարել մեղադրողի միջնորդությունը՝ նշելով, որ դատարանը ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ վկաների ներկայությունն ապահովելու համար, նրանք բացակայում են այն պատճառով, որը բացառում է նրանց ներկայանալը դատական նիստին: Գործով դատախազը հրապարակեց Հենրիկ Հարոյանի նախաքննական ցուցմունքը, ով ասել էր, որ ՌԴ-ում իր գտնվելու ընթացքում էր հայրը ծանոթացել է անձի հետ, զանգել պապին, ասել, որ նա հանդիպի այդ անձին: Ըստ վկայի ցուցմունքի՝ այդ անձը համաձայնել է լուծել իր՝ բանակ զորակոչվելու հետ կապված խնդրները 5000 դոլարով:
Հենրիկ Հարոյանը պատմել էր, որ ինքը պապն ու եղբայրը հանդիպել են Վոլոդյա Ավետիսյանի հետ: Պապը նրան 2000 դոլար է տվել: Հենրիկ Հարոյանը ասել էր նաև, որ սեպտեմբերին ևս մեկ անգամ հանդիպել է Վոլոդյային, ով հարցուփորձ է արել իր առողջական վիճակի մասին: Վկան ասել էր, որ չգիտի, թե ում պետք է գումար տար Վոլոդյա Ավետիսյանը:
Դատախազը հրապարակեց գործով մյուս վկաների ցուցմունքները: Ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդեց անթույլատրելի ճանաչել չորս վկաների նախաքննական ցուցմունքերի անթույլատրելիությունը՝ նշելով, որ Եվրոպական դատարանի դիրքորոշման համաձայն՝ ցուցմունքը չի կարող թույլատրելի համարվել, եթե պաշտպանական կողմը նրան բացարկ հայտնելու և հարցաքննելու իրավունք չի ունեցել:
Գործով մեղադրողը առարկեց միջորդության դեմ՝ նշելով, որ այն ենթական է մերժման: Դատախազն ասաց, որ վկա Վարդան Կարապետյանի հետ կազմակերպվել է առերերսում, սակայն Վ. Ավետիսյանը հրաժարվել է մասնակցել այդ գործողությանը, վկա Հենրիկ Հարոյանը ներկայացել է դատարան, պաշտպանության կողմը հարցեր ուղղելու հնարավորություն ունեցել է, վկա Ծովինար Եղոյանը ամբաստանյալի հարազատն է, ամբաստանյալի հարազատները կարող են միջոցներ ձեռնարկել, որ նա դատարան ներկայանա, իսկ վկա Օվսաննա Զաքարյանին դատարան հրավիրելու համար դատարանը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ:
Դատավոր Լևոն Ավետիսյանը որոշեց հետաձգել գործի քննությունը. հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 23-ին: Նշենք, որ դատական նիստի ավարտին նիստին ներկայացած անձինք սկսեցին աղմկել՝ դիմելով դատախազին: