Բաժիններ՝

Մանվել Բադեյանը`վարչապետ-գործարարներ հանդիպման մասին. «Ինչո՞ւ ես դու դրա անունը «տնայվարություն» դնում»

Խնդիրը վստահությունն է, որն այսօր էլ արդիական է, և այն, որ նոր կառավարության ծրագիրը նախորդի համեմատ մի փոքր այլ բառապաշար ունի կամ ավելի քիչ հավակնոտ է, դեռ ոչինչ չի նշանակում, դա դեռ թուղթ է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:

Պատգամավորը շեշտեց` այսօրվա կառավարության կազմն այն է, ինչ ունենք, և նույնպես վստահություն չի ներշնչում, և ավելացրեց. «Մեկ անգամ չենք ասել, որ մենք կողմնակից ենք համակարգային, ամբողջական փոփոխության, և անձերի փոփոխության խնդիրը երբևէ մեզ համար չի եղել ինքնանպատակ»:

Իսկ ասուլիսի մյուս բանախոսը` ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Մանվել Բադեյանը կարծում է, որ մեկ օրվա մեջ մեծ փոփոխություններ իրականացնել հնարավոր չէ, բայց կարևոր է ձևավորվել միջավայր, որում տնտեսվարող սուբյեկտները կզգան, որ ճնշված չեն և ազատ են:

«Եթե կառավարությունը ձևավորի այս մթնոլորտը, իհարկե, բոլորս շատ ուրախ կլինենք, բայց նույնիսկ այդ պայմաններում պետք է հասկանանք, որ մեկ ակնթարթում ոչինչ չի փոխվի: Ե´վ վարչապետի անձը, և´ կառավարության կազմը, որքան էլ քննադատելի և խոցելի լինի, այնուամենայնիվ, որոշակի հույս ներշնչում է »,- նշեց Մանվել Բադեյանը:

Կարդացեք նաև

Այս համատեքստում եղավ անդրադարձ նաև մինչև կառավարության ծրագրի ներկայացումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի և խոշոր հարկատուների միջև կայացած հանդիպմանը, որին, ի դեպ, ՀՀԿ-ական մի շարք պատգամավորների հետ միասին մասնակցել է նաև Մանվել Բադեյանը:

Հանրապետականը համաձայն չէ այն դիտարկմանը, թե այդ հանդիպումը մի փոքր անլուրջ տպավորություն է թողել, քանի որ այնտեղ հնչել են տնայնավարական բնույթի կոչեր` «այսուհետ օրենքով են աշխատելու», «բոլորը հավասար դաշտում պետք է աշխատեն» և այլն:

«Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, երբ հավաքվել են կառավարությունը և խոշոր գործարարները: Ես չգիտեմ` ով ինչ է պատմել, եթե ինձ ես կանչել, լսի` ես ինչ եմ ասում: Մարդիկ էս են պատմում, մարդիկ էն են պատմում: Ի՞նչ վատ բան կա, որ կառավարության ղեկավարը հանդիպում է գործարար համայնքի հետ: Ինչո՞ւ ես դու դրա անունը «տնայվարություն» դնում:

Օբամայից սկսած` Պուտինով վերջացրած, աշխարհի բոլոր տնտեսությունների ղեկավարները ժամանակ առ ժամանակ հանդիպում են գործարարների հետ, խնդիրներն են լսում, պահանջներն են ներկայացնում,- պատասխանելով լրագրողին` ասաց Մանվել Բադեյանը: – Այդ հանդիպմանն ընդամենը բոլորին կոչ է արվել աշխատել օրենքի սահմաններում»:

Իսկ այն, որ մինչև հիմա գործարարներն օրենքով չեն աշխատել, դա արդեն անօրինական չէ՞:

«Դա ուրիշ հարց է, բայց ինչո՞ւ եք բուն հավաքը քննադատում: Շատ մակերեսային պատկերացում ունեք»,- հարցին պատասխանեց Բադեյանը`ավելացնելով, որ գլխավոր խնդիրը, որը քննարկվել է այդ հավաքին` ստվերային տնտեսությունը, իրականում արդիական գաղափար է նույնիսկ զարգացած ժողովրդավարական երկրներում:

«Օրինակ, գոնե մոտավորապես պատկերացնո՞ւմ եք` ինչքան է ԱՄՆ-ի ստվերային տնտեսությունը, մեր ստվերի հետ մոտավորապես համադրելի թվեր են, եթե վերցնենք տոկոսային հարաբերությամբ: Եվ դա հանցագործություն չէ, հասկացեք:

Եթե շրջանառությունն այս կամ այն ձևով թափանցիկ չէ, դա թերություն է, միշտ չի, որ հանցագործություն է: Օրինակ եմ ասում` ստվերում են գտնվում փոքր և միջին ձեռնարկատիրության 99 տոկոսը»,- կարծիք հայտնեց Մանվել Բադեյանը:

Սրան հակադարձեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը. «ԱՄՆ-ն ունի մի հետաքրքիր գաղափար, երբ մարդիկ իրենց հարկերը վճարում են անհատական, և մշակված է ընդհանում մի համակարգ, որտեղ ամենաշատը հնարավոր է երկու տարի խուսափել հարկերից, երրորդ տարին այդ համակարգն իր բոլոր կապերի միջոցով բացահայտում է քեզ: Երբ մենք կունենանք այդտեսակ մի համակարգ, այն ժամանակ էլ կարող ենք համեմատվել ԱՄՆ-ի հետ:

ԱՄՆ-ում էլ կա ստվեր, բայց ԱՄՆ-ի տնտեսության ետևից կան այլ աշխատող ինստիտուտներ, որոնք գնում են այդ ստվերի ետևից: Իրենց և´ հարկային, և´ մաքսային մարմինները, և´ դատական համակարգը աշխատում են: Հայաստանի ստվերի մի մեծ մասն այնպես է ձևավորվել, որ բոլորը գիտեն, որ կարող են իրենց թույլ տալ զբաղվելու այդ գործունեությամբ կա´մ խնամի-ծանոթով, կա´մ ընկերական կապերով, կա´մ ֆինանսական միջոցներով: Եթե լինի գաղափար, որ «մի տարի կանեմ, երկրորդ տարին կբռնվեմ, ու դրա պատճառով ողջ ընտանիքս կվնասվի, գործս էլ կկորցնեմ», այդ դեպքում ստվերի խնդիրը կլուծվի»:

Ինչևէ, երկու պատգամավորներն էլ միակարծիք էին մի հարցում` ժամանակը ցույց կտա, թե որքանով են իրատեսական կառավարության խոստումները, և արդյո՞ք կառավարության ներկայացրած ծրագիրը գրվել է պարզապես գեղեցիկ ձևակերպումների համար, թե՞ նպատակն իսկապես նպատակադրված խնդիրների լուծմանը հասնել է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս