Բաժիններ՝

Ես էլ չիմացա այդ օֆշորը կա՞ր, թե՞ չէ. Հովիկ Աբրահամյան

«Ես ներկայացնում եմ մի քաղաքական ուժի, որը չի ուզում Ձեզ հետ համագործակցել: Դուք խոսում եք մենաշնորհների դեմ պայքարի մասին և այլն, բայց ես ո՞նց կարող եմ այդ ամենին հավատալ, եթե Դուք հենց Ձեր առաջին քայլերով հերքում եք Ձեր ասածը, օրինակ` Գագիկ Խաչատրյանին սուպերնախարար եք նշանակել»,- այսօր Աժ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` նշելով, որ Գագիկ Խաչատրյանի բիզնեսների մասին շատ է գրվել մամուլում, այդ թվում հեղինակավոր «Հետքում»:

«Հավատալ, չհավատալը Ձեր գործն է: Մենք ամեն ինչ արել ենք, որ ունենանք արդյունք»,- հակադարձեց վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու հավելեց. «Գագիկ Խաչատրյանը շատ պրոֆեսիոնալ պաշտոնյա է, և այս տարիների ընթացքում հարկային ու մաքսային համակարգը զարգացնելու գործում անձնական ներդրում է ունեցել: Ցավոք, մեր երկրում դեռ անձնականը գործում է: Այսօր տարբեր երկրներից գալիս, ուսումնասիրում են ՊԵԿ համակարգը և դիմում եմ փորձի փոխանակման համար: Բայց լինի Գագիկ Խաչատրյանը, Դավիթ Հարությունյանը, ով էլ լինի, ես ասել եմ` որ գալիս են, պետք է աշխատեն: Անփոխարինելի մարդ չկա, սկսած ինձնից»:

«Նույն «Հետքը» չէր խոսո՞ւմ նախկին վարչապետի օֆշորի մասին: Մի հիմնավորում չունեցանք, ես էլ չիմացա այդ օֆշորը կա՞ր, թե՞ չէ: Եթե գազի մարդը գիտի, թող ասի, իմանանք»,- հայտարարեց Աբրահամյանը:

Նա շեշտեց, թե ինչքան էլ ընդդիմադիրները չուզենան, իրենք աշխատելու են երկրի շահի համար և կոչ արեց միասին աշխատելու. «Աշխատելու ենք լավ բաներ անել, վատ բաներ չանել»:

Լ.Զուրաբյանի եզրահանգմանը, որ «ինչքան հասկացա` Տիգրան Սարգսյանի մասով Դուք վճիռն ընդունել եք», Աբրահամյանը միանգամից պատասխանց` «ոչ»:

Լ.Զուրաբյանի խոսքով` նոր վարչապետն օրինականացրեց, որ մարդը կարող է լինել պատգամավոր, պաշտոնյա և զբաղվել բիզնեսով:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը թույլ չտվեց վարչապետին պատասխանելու. «Պրովոկացիաները ընդմիջումից հետո»,- ասաց նա և հայտարարեց 1-ժամյա ընդմիջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս