Սոմայի հանքավայրում դադարեցվել են որոնողա-փրկարարական աշխատանքները. 301 զոհ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արևմուտքում Սոմա բնակավայրի հանքահորում ավարտվել են որոնողա-փրկարարական աշխատանքները: Մայիսի 13-ին հանքահարում տեղի ունեցած պայթյունի ու դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի վերջնական քանակը կազմել է 301 մարդ:
Թուրքիայի իշխանությունների հաղորդմամբ` աղետից հետո փրկվածների քանակը կազմել է 485 հանքափոր: Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ փրկարարներն ամենայն մանրամասնությամբ ստուգել են բոլոր տեղերը և այլևս չեն հայտնաբերել ո’չ ողջ մնացածների, ո’չ էլ զոհվածների:
Նա հավելել է, որ իրենք կենտրոնանալու են հետաքննության վրա: Կառավարությունը պնդում է, որ երկրի ածխի արդյունահանման ոլորտի պատմության մեջ գրանցված խոշորագույն աղետի պատճառն անփութությունը չէ, քանի որ հանքահորում կանոնավորապես անցկացվել են ստուգումներ:
Հանքահորի օպերատեր-ընկերությունն իր հերթին հայտարարել է, որ հանքափորների մեծ մասը թունավորվել է հրդեհի ժամանակ, քանի որ չի ունեցել հակագազ: Յըլդըզի խոսքերով` պայթյունի պատճառների մասին խոսելը դեռ վաղ է: Աղետի պատճառով Թուրքիայում անցկացվել են բողոքի մի շարք ակցիաներ: