ՀԺԿ-ն աշխատանքային համագումար է կազմակերպել

Այսօր ՀԺԿ գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության հերթական համագումարը, որին, բացի համագումարի մի խումբ պատվիրակներից, որևէ այլ մարդ հրավիրված չի եղել, նույնիսկ՝ ՀԱԿ-ից: Կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը դա պատճառաբանել է այն հանգամանքով, որ համագումարը աշխատանքային է: Համագումարի ժամանակ Ստեփան Դեմիրճյանը հերթական անգամ ընտրվել է կուսակցության նախագահ. այդ պաշտոնը նա զբաղեցնում է 2000թ.:

Այսպիսի «աշխատանքային» համագումարների անցկացումը օրենսդրության պահանջ է.  «Կուսակցությունների մասին» օրենքով կուսակցությունները պարտավոր են երկու տարին մեկ անգամ համագումարներ անցկացնել: Բայց քանի որ կուսակցությունների մեծ մասն ի վիճակի չէ դահլիճներ լցնել և «ներկայացուցչական» համագումարներ անցկացնել, ստիպված են «աշխատանքային» կազմակերպել:

Հավելենք, որ ՀԺԿ 8-րդ համագումարը նաև հայտարարություն է տարածել, որում ասված է. «Արձանագրելով, որ գործող վարչախմբի գործունեության հետևանքով երկիրը հայտնվել է աղետալի վիճակում, համագումարը նշում է, որ երկրին անհրաժեշտ են արմատական, համակարգային փոփոխություններ, և դրա համար անհրաժեշտ է հասարակական, քաղաքական ուժերի լայն համախմբում։
Առաջնահերթ խնդիր է մնում ժողովրդավարական ընտրությունների միջոցով օրինական իշխանության ձևավորումը, ոչ թե սահմանադրական փոփոխությունների իրականացումը։ ՀԺԿ-ն մերժում  է սահմանադրությունը բազմիցս խախտած վարչախմբի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները:
Երկրում առկա համակողմանի ճգնաժամը պայմանավորված է ոչ թե սահմանադրության անկատարությամբ, այլ սահմանադրության ոտնահարմամբ։

Պետք է կյանքի կոչվի սահմանադրության 2-րդ անփոփոխ հոդվածը, համաձայն որի ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով, ինչը հիմք կհանդիսանա երկրում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտի առողջացման, մարդկանց մեջ  վաղվա օրվա նկատմամբ հավատի   վերականգնման և երկրի կայուն զարգացումն ապահովելու համար»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս