Հունիսի 1-ին պատրաստ կլինի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագիծը
Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ 2014 թվականի հունիսի 1-ին պատրաստ կլինի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագիծը:
Այս մասին այսօր «Եվրասիական ինտեգրացիա. Մաքսային միությունից մինչև տնտեսական միություն» խորագրով «կլոր սեղանի» ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման ու ինտեգրման դեպարտամենտի միջազգային փոխգործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը.
«Առաջադրանք է տրված մինչև 2014 թվականի հունիսի 1-ը պատրաստել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագիրը:
Այն բանից հետո, ինչ Հայաստանի Հանրապետությունը հայտ ներկայացրեց Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տիրույթին միանալու մասին, կողմերի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետների մասնակցությամբ ձևավորվեց աշխատանքային խումբ, որը քանիցս հանդիպումներ անցկացրեց թե՛ Մոսկվայում, թե՛ Երևանում:
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տիրույթին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» պատրաստվեց բավական արագ, օպերատիվ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի կարծիքները, հաստատվեց ամենաբարձր մակարդակով, և ներկայումս մենք փաստում ենք դրա իրագործման հաջողությունը, մեծ առաջընթացը»: