Վտանգավոր օրինագծեր
Ռեգիստրի և զինապարտության մասին օրինագծերը թերի են մշակված և շատ վտանգավոր են: Նման գնահատական ՀԱԿ խմբակցության անունից այսօր ԱԺ արտահերթ նիստում հնչեցրեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
«Զինապարտության մասին» օրինագծով նախատեսվում է, որ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ` հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) նոր վայր ժամանելուց հետո` 7-օրյա ժամկետում: Ըստ Գ.Ջհանգիրյանի՝ սա անհեթեթություն է: Նա հիշեցրեց, որ գործող օրենքով անձին պարտադրում են հաշվառվել, որ եթե չկատարի, նրա հանդեպ կարող են մեղադրանք ներկայացնել զինվորական ծառայությունից խուսափելու համար:
«Արդյոք զորակոչային այսպիսի սուղ ռեսուրսների պարագայում կարո՞ղ ենք թույլ տալ այսպիսի շռայլություն: Եթե 16-ը լրացել է և նա չի կցագրվել, դու նրան որևէ կերպ չես կարող կանչել պատասխանատվության»,- ասաց պատգամավորը:
Ջհանգիրյանի խոսքով՝ մի քիչ լուրջ դիտարկելու դեպքում, խնդիրը երկքաղաքացիության հարցն է: Ըստ նրա՝ երկքաղաքացիությունը փոքր երկրի համար չէ, բայց երկքաղաքացիությունն ընդունելու ժամանակ գաղափարն այն էր, թե հազարավոր քաղաքացիներ կգան ու երկքաղաքացիություն կստանան. «Բայց դա Գյուլնազ տատի հեթիաթը դուրս եկավ»:
«Նախագիծը թերի մշակված է, ես կոչ եմ անում իմ գործընկերներին՝ հանել քվեարկությունից, կամ դեմ քվեարկել»,- հավելեց Ջհանգիրյանը: