Որակյալ հայի պահանջարկը
ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Վերջերս վերլուծական կարևոր մի աշխատանքի առիթով ինձ խնդրեցին պատասխանել հետևյալ հարցին. « Ո՞րն է Հայաստանի ամենաներկայանալի ապրանքը, փաստարկը, նշանը, ինչո՞վ մենք պետք է ներկայանանք աշխարհին»: Պատասխանս ակնթարթային էր. « ՈՐԱԿՅԱԼ ՀԱՅԸ»…
Հիրավի, առավելագույն առաջնայնության խնդիր է մարդկային և՝ որպես հետևություն, հասարակական ՈՐԱԿԻ ծնումը, կերտումը, ձևավորումը, սնուցումը, տարածումը: Մեր իրականության մեջ մենք, թերևս, միայն մասնավոր կարգով, գենետիկորեն ենք փոխանցում ՈՐԱԿՅԱԼ ՀԱՅԻ պահանջարկը՝ սերնդեսերունդ,,,բայց ՈՐԱԿԻ կերտման, սնուցման և, առավելևս, տարածման գործում՝ որպես հասարակություն, ակնհայտորեն թերանում ենք:
Մեր հպարտության առիթ հանդիսացող զավակները, որպես կանոն, լավագույն դեպքում միայն ծնվել են հայրենիքում, բայց կերտվել, ձևավորվել և ուժ են առել այլուր, մեզանից հեռու, մեզանից անկախ, շատ հաճախ նաև՝ մեզ հակառակ: Նրանցից շատերը՝ լինելով անհամեմատ ավելի առաջադեմ արժեհամակարգերի կրողներ, դաժանորեն բախվում են մեզ արդեն չգիտես ինչու հարազատ դարձաձ «ոսկրաջարդային» փիլիսոփայությանը, կոտրվում են, հանգչում, լավագույն դեպքում՝ նորից փախչում: Իսկ մենք բացարձակ անպատեհ համառությամբ շարունակում ենք տեղ տալ, առաջ քաշել, շոյել ու փայփայել հայրենի ոսկրաջարդերին` չհասկանալով թերևս, որ դրանով իսկ նվազեցնում ենք ՈՐԱԿԻ՝ արդեն անգամ գենետիկորեն վերարտադրման հնարավորությունը…»