Ռուս-հայկական զորահանդես Գյումրիում. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է.

Այսօր հանրապետության երկրորդ քաղաքում ՝ Գյումրիում, տեղի կունենա մայիսիննյան տոնական շքերթ, որին կմասնակցի Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան։ Հիշեցնենք, որ վերջին անգամ, զորահանդես Գյումրիում տեղի է ունեցել 1993 թվականին, այսօրվա զորահանդեսը կազմակերպել է ՀՀ պաշտպանության նախարարությունը ռուսական կողմի հետ համատեղ։

Գյումրիում վերջին մեկ շաբաթվա ընթացքում ակտիվ կերպով տեղի էին ունենում զորահանդեսի փորձերը։ Դրանցում հնչող խոսքերը սկզբում ռուսերեն էին, սակայն այնուհետև փոփոխվեցին դառնալով հայերեն։ Փորձերի օրերին էլ Գյումրիում երթևեկությունը խափանվում էր, քանի որ փորձերը տեղի էին ունենում Գյումրու կենտրոնական հրապարակում, իսկ զինվորականներն ու զինտեխնիկան մի քանի փողոցներից հասնում են դեպի հրապարակ։

Գյումրու քաղաքապետարանը հայտարարություն է տարածել հայտնելով, որ թե փորձի օրերը, թե մայիսի 9-ին (08:13:00-ին) փակ են լինելու Տեր-Գաբրիելյան, Ղարիբջանյան, Լալայան, Շահումյան փողոցները։ Մեր զրույցում քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը հայտնեց, որ շքերթը ղեկավարելու ու ընդունելու է հայկական կողմը զեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի գլխավորությամբ։ Հարցին, թե ինչո՞ւ հանկարծ որոշեցին Գյումրիում զորահանդես կազմակերպել, Եգանյանը պատասխանեց. «Երկու կողմից էլ ցանկության կար գեղեցիկ միջոցառում կազմակերպելու, համաձայնության եկանք ու կազմակերպվում է նման միջոցառում։ Կարծում եմ, ինչպես մյուս տեղերում, այնպես Էլ Գյումրիում պիտի լինեն նման միջոցառումներ»։

Խոսելով այն մասին, որ փորձերի ժամանակ ելույթները եղել են ռուսերենով, Եգանյանը պատճառաբանեց թյուրիմացությամբ. «Բացումը, խոսքերը, լինելու են հայերենով, ընդունող կողմը հայերենով է խոսելու»,– վստահեցրեց նա։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակը դժվարացավ պատասխանել, թե բարձրաստիճան պաշտոնյաներից ովքեր ներկա կգտնվեն զորահանդեսին, սակայն նշեց, որ քաղաքային իշխանությունները անպայման ներկա կգտնվեն։ Շքերթից հետո դրա մասնակիցները ժամանելու են «Մայր Հայաստան» հուշահամալիր ու ծաղիկներ են դնելու Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշակոթողին։

ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, երեկ մեր զրույցում խոսելով անցկացվելիք շքերթի մասին, ասաց. «Ես իմ ողջ կյանքում պայքարել եմ Հայաստանի անկախության համար ու սովետիզմի դեմ։ Ուղղակի շշմած եմ օտարերկրյա զորքի մասնակցությունից մեր միջոցառումներում։ Նորից ապացուցվում է, որ իշխանությունները ու Էդիկ Նալբանդյանը սպասարկում են Ռուսաստանի շահերը ու ես այս հարցը անպայման բարձրացնելու եմ Աժ-ում»,– ասաց Արզումանյանը»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս