«Դ!եմ եմ». «Սա ոչ միայն մեր բոլորիս պահանջն է, սա արդեն նաև ՍԴ-ի պահանջն է» (տեսանյութ)
Այսօր «Դ!եմ եմ» շարժման նախաձեռնողները «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կազմակերպել էին «Պահանջի երթ»: Իրենց հայտարարության մեջ «Դ!եմ եմ»-ի մասնակիցներն ասում են. «Վերջերս մենք իշխանություններից միայն լսում ենք խոստումներ, մոլորեցնող ու ոչինչ չասող հայտարարություններ: Իշխանությունների կողմից չկա որևէ ռեալ քայլ՝ ուղղված ՍԴ-ի կողմից ամրագրված և մեր կողմից բարձրաձայնված հանրային պահանջների ամբողջական կատարմանը:
Այլևս չենք ուզում իշխանության որևէ ներկայացուցչից լսել որևէ խոստում ու հայտարարություն, քանի որ դրանք մենք արդեն բավականաչափ լսել ենք: Այժմ բացառապես ուզում ենք տեսնել հանրային պահանջի անհապաղ ու ամբողջական կատարմանն ուղղված ռեալ քայլեր, այն է՝ ոչ մեկից, առանց անձի ազատ կամարտահայտության, չգանձել որևէ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար»:
Ակտիվիստներից Դավիթ Մանուկյանն ակցիայի ժամանակ հայտարարեց. «Մենք մինչ օրս վերջին ակցիայից հետո ականատես ենք եղել գեղեցիկ հայտարարությունների ու խոստումների: Եվ այսօր չեն բավարարում այդ հայտարությունները, որովհետև չկա այն իրականությունը, որը պետք է լինի Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Սա ոչ միայն մեր բոլորիս պահանջն է, սա արդեն նաև Սահմանադրական դատարանի պահանջն է: Մենք հանրապետության նախագահին դիմել էինք պահանջով, որպեսզի նա տեր կանգնի Սահմանադրությանը, սահմանադրական կարգին, Սահմանադրական դատարանի որոշմանը»: Ի պատասխան Դավիթ Մանուկյանի` «Նա տեր կանգնե՞լ է» հարցին երթի մասնակիցները բացականչեցին՝ «Ո՛չ»: Դ. Մանուկյանը շարունակեց. «Ուրեմն, եթե այս երկրում իշխանությունները, առանց որևէ բացառության, ամենաստորին օղակից մինչև ամենավերին օղակը, պատրաստ չեն կամ չունեն այդքան կամք ու ցանկություն՝ տեր կանգնելու մեր երկրի սահմանադրական կարգին, այսօր այդ ֆունկցիան մեզ վրա ենք վերցրել մենք»:
168.am-ի հետ զրույցում «Դ!եմ եմ»-ի ակտիվիստներից Լևոն Հարությունյանն ասաց. «Սա պահանջի երթ է, քանի որ մեզ ցույց տվեցին` ամեն ինչ կհարթեն, վարչապետը խոսք էր տվել, որ պարտադիրի բաղադրիչը կկասեցնի, բայց ստացվում է, որ ինքը միայն 76-րդ հոդվածն է կասեցրել, որը մարդկանց վճարում կատարելու պարտավորությունը չի հանում, ուղղակի չվճարելու դեպքում տույժ չի կիրառվում: Մենք համարում ենք, որ դա ուղղակի քայլ չէ, ու դրանով հարց չեն լուծում: Մենք շարունակելու ենք մեր պահանջը: Մեր երթը պահանջի երթ է, և մենք պահանջում ենք, որ նախևառաջ՝ Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված հոդվածները միանգամից կասեցվեն, ու հետևեն Սահմանադրական դատարանի 6-րդ կետի որոշմանը, որն ուժի մեջ է մտնում Սահմանադրական դատարանի որոշումը կարդալու պահից: Դա այն կետն է, որ մարդուն չի կարելի անկախ իր կամքից՝ սեփականության իրավունքից զրկել»: