Արմեն Մարտիրոսյան. Դա միանշանակ երկրի ներքին գործերին միջամտելու շատ կոպիտ փորձ է
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը խիստ բացասական է գնահատում:
«Դա միանշանակ երկրի ներքին գործերին միջամտելու շատ կոպիտ և սխալ փորձ է, որովհետև այն խորհուրդը, որ տալիս է դեսպանը, բացարձակապես ընդունելի չէ, քանի որ նա նաև խոսում է այլ միջոցների մասին: Երևի թե նկատի ունի այն բռնությունները, որոնք, օրինակ, Ռուսաստանում են կիրառվում հասարակական կազմակերպությունների նկատմամբ` դրան գումարած նաև օրենսդրական այն փաթեթը, որով ոչ կառավարական կազմակերպություններին, ըստ էության, հավասարեցնում են լրտեսի»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգության» փոխնախագահի խոսքերով` Ռուսաստանի դեսպանի խորհուրդը` «չեզոքացնել այն հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելով», խոսում է այն մասին, թե ինչպիսի պետություն է Ռուսաստանը, և ինչ պատկերացումներ ունեն այնտեղ կառավարման համակարգի, հասարակություն-կառավարություն հարաբերությունների մասին.
«Հայաստանի ուղին դա չէ, որովհետև մենք կարողանում ենք շատ նորմալ հարաբերվել հ/կ-ների հետ, դա վերաբերում է և´ քաղաքական ուժերին, և´ իշխանությանը, ուստի միայն իշխանությունների ցանկությունը շատ քիչ է:
Եվ վերջապես իր այդ հայտարարությամբ դեսպանը նշում է այն արժեքային համակարգը, որի շուրջ պատկերացնում են իրենց զարգացումները: Կարծում եմ` այդ արժեքային համակարգը բացարձակապես ընդունելի չէ Հայաստանի համար: Առանց այդ էլ իշխանությունների վարած քաղաքականությունն ամբողջովին բավարար է, որ Հայաստանի քաղաքացիները հիասթափվեն իրենց երկրից և արտագաղթի ճանապարհը բռնեն: Եթե հիմա էլ այդ ուղղությամբ համապատասխան քայլեր իրականացվեն, ապա պարզ է, որ արտագաղթի ծավալներն են մեծանալու, և երկրում շարունակվելու է անարդյունավետ կառավարումը»:
Հիշեցնենք, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը ռուսալեզու «Նոյյան Տապան» պարբերական տված հարցազրույցում հայտարարել է, թե Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին, և ավելացրել. «Հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս–հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս–հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»:
Դեսպանի հայտարարությանը երեկ արձագանքեցին մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք Հայաստանի իշխանություններից պահանջում են կարգի հրավիրել Իվան Վոլինկինին: