Բաժիններ՝

Հետո էլ ասում եք ինչո՞ւ եմ ասում, որ որոշ մարզպետեր իրենց խանի պես են զգում

Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի 63-ամյա ուսուցչին՝ Նիկոլայ Ապրեսյանին աշխատանքից ազատել են հենց ծննդյան օրը՝ մայիսի 7-ին, ով շա՜տ երկար տարիներ ամեն օր Երևանից Օշական է գնացել այդ դպրոցում ռուսաց լեզու դասավանդելու: Տեսնես ի՞նչն է դրդել տնօրենին մայիսի 7-ին, երբ ուսումնական տարվա ավարտին մնացել են հաշված օրեր, աշխատանքից ազատել ուսուցչին այն դեպքում, երբ թոշակի գնալու համար աշխատանքից ազատվելու դիմում նա չի գրել. դա քաղաքացու իրավունքն է, որից դեռևս նա չի ուզում օգտվել: Սա ի՞նչ փութաջանություն է, ո՞վ է տնօրենին նման հրահանգ տվել, որ երկու ամիս առաջ այդ մասին ծանուցի քաղաքացուն, իսկ նա էլ առանց խորանալու ստորագրել է՝ փաստորեն օրինականացնելով իր ազատման անօրեն հիմքը:

Հարգելի տնօրենն իր այս քայլով ուսումնական տարվա ավարտին աշակերտների կրթության գործընթացը լուրջ վտանգի տակ է դրել, հիմա ո՞վ է առանց երեխաներին ճանաչելու նրանց կիսամյակի ու տարեկան գիտելիքները գնահատելու, արդյոք այս մասին նախապես մտածե՞լ է տնօրենը:

Քաղաքացու՝ օրենքով սահմանված թոշակի տարիքը չի կարող նրան ազատելու հիմք լինել, սա ՀՀ սահմանադրական դատարանի նախադեպային որոշումներում է արձանագրված: Հատկապես Արագածոտնի մարզում հիանալի են գործում մարզպետարանից ուղղահայաց իջնող անօրեն հանձնարարականները, մասնավորապես դպրոցների տնօրենների կողմից դրանք լռելյայն իրականացնելը: Հասարակությանը հիշեցնեմ, որ այդ մարզի կրթության վարչության պետն այս պահին ձերբակալված է և միայնակ է կրում պատիժն այն բանի համար, որ նման մի հանձնարարականի պատճառով դպրոցների տնօրենները աշակերտներին տետրեր էին վաճառել, որը կրթության վարչության պետն առանց մարզպետի գիտության ու հանձնարարականի չէր կարող անել:

Հարգելի տնօրեն, խնդրում եմ, վերանայեք կամ ուսուցչի հետ խորհրդակցելուց հետո հետաձգեք Ձեր որոշումը:
Անահիտ Բախշյան
Կրթության ոլորտի փորձագետ

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս