Համլետ Հարությունյան. Ես ո´չ Շարմազանովին, ո´չ Գագիկ Ծառուկյանին պատասխանելու բան չունեմ
Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, կուսակցության քաղխորհրդի և խմբակցության համատեղ նիստում կարծիք հայտնեց, թե առաջիկա ընտրություններում «հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»: Այդպիսով ԲՀԿ ղեկավարն արձագանքեց իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի վերջին հայտարարությանը, թե «եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով», այսինքն` ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակով:
Թեմայի շուրջ զրուցեցինք հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ: Նա նշեց, թե չի կարող ասել` ի՞նչ է նկատի ունեցել Էդուարդ Շարմազանովը, և ճիշտ կլինի, որ հայտարարությունը մեկնաբանի դրա հեղինակը:
– Ամեն դեպքում համաձա՞յն եք այդ հայտարարության հետ:
– Ես համաձայն եմ, որ Հանրապետականը հզոր կուսակցություն է և կարևոր դեր է խաղում մեր քաղաքական կյանքում ու կշարունակի խաղալ առաջիկայում:
– Բայց համաձայն չեք, որ ժողովրդի ձայնը պետք է անտեսել:
– Իհարկե, ես ժողովրդի ձայնին եմ հավատում: Ինչքան ժողովուրդը մեզ հնարավորություն տա, այնքանով էլ ներկայացված կլինենք քաղաքական դաշտում:
– Ձեր կարծիքով` այդպիսի հայտարարություն անելը նորմա՞լ է:
– Յուրաքանչյուր քաղաքական գործիչ պատասխանատու է իր ասածների համար:
– Իսկ կուսակցությո՞ւնը:
– Եթե անկեղծ լինեմ, կուսակցությունում այդ հարցը չի քննարկվել: Այնուամենայնիվ, ես ասացի իմ կարծիքը, որ պետք է անսալ ժողովրդի ձայնին և մերկապարանոց հայտարարությունները, կարծում եմ… պետք է ուղղակի իրեն դիմել` տեսնենք` ինչ է ինքը նկատի ունեցել: Կարծում եմ` ինքը նկատի է ունեցել, որ Հանրապետականն իր ուժը չի կորցրել: Չէ՞ որ մեզ անընդհատ ասում են, որ Հանրապետականը թուլացել է և այլն, և այլն: Ըստ իս` նա ուղղակի բառախաղով է ասել: Չեմ կարծում, որ իր ասածներն ինչ-որ վատ նպատակներ են հետապնդել: Ես չեմ կարող մեկնաբանություններ անել իմ գործընկերոջ հայտարարության մասին:
– Իսկ ի՞նչ կարծիք ունեք Գագիկ Ծառուկյանի պատասխանի մասին:
– Կարծում եմ, որ, ընդհանրապես, քաղաքականության մեջ ընդունված են քաղաքական բառախաղերը: Հիմա Գագիկ Ծառուկյանն էլ այդ ձևով է պատասխանել: Ես ի՞նչ կապ ունեմ այդ հարցերի պարզաբանման հետ: Ես ո´չ Շարմազանովին, ո´չ Գագիկ Ծառուկյանին պատասխանելու բան չունեմ: