Ք. Էշթոնի խոսնակի պատասխանը 168.am-ի հարցերին. ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցելուն առնչվող զարգացումներին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանում Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ռայներ Մորելը News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, թե Հայաստանը դեռ կարող է Եվրոպական միության (ԵՄ) հետ կնքել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը` նույնիսկ Մաքսային միությանն անդամակցելուց հետո:

Միաժամանակ նա ավելացրել էր, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև փաստաթուղթն ամենայն հավանականությամբ այլ անուն կունենա, քանի որ «Ասոցացման համաձայնագիրը» համագործակցության այլ շրջանակների է վերաբերում:

Այս կապակցությամբ 168.am-ը գրավոր հարցում ուղարկեց Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի մամուլի ծառայությանը` հետաքրքրվելով, թե ինչպե՞ս կգնահատեն Ռեյներ Մորելի հայտարարությունը, և որքանո՞վ է հնարավոր Հայաստանի և ԵՄ-ի միջև նման համաձայնագրի ստորագրումը:

Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչը իր գրավոր պատասխանում մեր հարցին կոնկրետ պատասխան չի տվել` ասելով. «Մենք Վիլնյուսում ամրագրել ենք, որ շարունակելու ենք զարգացնել և ամրապնդել Հայաստանի հետ հետագա համագործակցությունը փոխադարձ շահերի բոլոր ոլորտներում` Արևելյան գործընկերության շրջանակներում»:

Կարդացեք նաև

2014թ. փետրվար ամսին ԵՄ-ի 13 անդամ պետությունները քննարկեցին «Արևելյան գործընկերության 20 կետերը Վիլնյուսից հետո» անվանումը կրող ոչ պաշտոնական փաստաթուղթը, որտեղ կար կետ նաև Հայաստանի վերաբերյալ` «մշակել տարբերակված հայեցակարգ («Գործընկերության և համագործակցության համաձայնագիր +») Արևելյան գործընկերության ավելի քիչ հավակնոտ երկրների (առաջին հերթին` Հայաստանի) համար: Այդ համագործակցությունը կարո՞ղ է լինել նշված նախագծի շրջանակներում:

Պատասխանելով 168.am-ի հարցադրմանը` ԵՄ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչը նշել է. «ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելուն առնչվող զարգացումներին, ինչպես նաև դրա արտացոլմանը Եվրասիական միության հիմնադրման վրա: Բնականաբար, երկու գործընթացներն էլ հաշվի կառնվեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաիմաստավորման ժամանակ: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը ավելի հստակ կասի, թե որոնք են այն սահմանափակումները, որոնք բխում են Մաքսային միության առջև իրենց ստանձնած պարտավորություններից»:

Իսկ հարցին, թե, ընդհանրապես, ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի և Եվրամիության հետագա համագործակցությունը և ինչպիսի՞ ձևաչափով, Մայա Կոչիյանչիչը այսպես է պատասխանել. «Թեև ԵՄ-ն չկարողացավ հասնել Հայաստանի հետ Ասոցացման, այդ թվում` Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԱՀ/ԽՀԱԱՀ) ստորագրմանը, այդուհանդերձ մենք պատրաստ ենք առաջ տանել Հայաստանի հետ հարաբերությունների ոչ միայն քաղաքական կողմը, այլև զարգացնել առևտրային հարաբերությունները: Մենք կարող ենք հիմնվել այն ամենի վրա, ինչին հասել ենք մինչ օրս` միաժամանակ դա համապատասխանեցնելով մեր ապագա համագործացկության հնարավորությունների և ձգտումների, ինչպես նաև Մաքսային միության անդամակցությամբ պայմանավորված` Հայաստանի հետագա պարտավորությունների հետ»:

Տեսանյութեր

Լրահոս