Բաժիններ՝

Պարտադիր կամավոր այլընտրանք՝ բիզնեսի համար

Հայաստանում ներդրվում է այընտրանքային հարկային ստուգումների ինստիտուտ: Երեկ կառավարության նիստում հավանություն տրվեց «ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» և հարակից մի շարք օրինագծերի փաթեթին: Նախատեսվում է, որ հարկային մարմինները ստուգում կիրականացնեն բոլոր այն դեպքերում, երբ տնտեսվարողը կամավոր ցանկություն է հայտնում իր մոտ ստուգումներ անցկացնելու, և այս դեպքում բացահայտված թերացումների, խախտումների համար տուգանքներ չեն կիրառվելու, այլ ժամկետ է սահմանվելու գումարները վճարելու համար:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը տեսակետ հայտնեց, թե այլընտրանքային հարկային ստուգումները կբարելավեն երկրում ներդրումային միջավայրը: Ընդ որում՝ այս ծառայությունը, որ աշխարհում առաջինը ՀՀ-ում է ներդրվելու, տնտեսվարողների համար վճարովի է լինելու:

«Վճարների չափը, և ով է ծառայությունը մատուցելու. այս հարցերն ինձ մոտ քննարկենք, հասկանանք: Սա շատ կարևոր օրենք է»,- նիստի ժամանակ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Այս ծառայությունը մատուցելու իրավունքն օրենքի նախագծով վերապահվել է ՊԵԿ-ին: Ստացվում է, որ հարկային մարմինն իրականացնելու է ձեռնարկատիրական գործունեություն՝ մենաշնորհի իրավունքով: Իսկ ծառայության գինը տատանվելու է՝ 10 մլն դրամից մինչև 500 մլն դրամ՝ կախված ստուգման ենթակա հաշվետու ժամանակաշրջանից, ընկերության իրացման շրջանառությունից, գործունեության տեսակից և այլն: Ստացվում է, որ վճարի նվազագույն գումարը 10 մլն դրամ լինելու, 15 աշխատանքային օր ստուգում իրականացնելու դեպքում, նախագծի պայմանները բավարարող խոշոր չհամարվող հարկ վճարողը յուրաքանչյուր օրվա համար պետք է վճարի 666 հազար դրամը գերազանցող վճար:

Կարդացեք նաև

«168 Ժամի» հետ զրույցում Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը տեսակետ հայտնեց, որ այլընտրանքային ստուգումը ողջունելի է, եթե դրա գինը համադրվի շուկայում գործող աուդիտորական արժեքների հետ, որպեսզի գործարարների համար այն շատ թանկ չլինի: Թե ո՞ր գինը շահավետ կլինի գործարարի համար, Ա.Ղազարյանը դժվարացավ նշել: Ըստ նրա՝ դա կախված է ձեռնարկության շրջանառությունից, աշխատանքների ծավալից և Ֆինանսների նախարարության հետ լրացուցիչ պետք է քննարկվի:

«Մենք գտնում ենք, քանի որ հարկային ստուգում է, սովորական աուդիտ չի, պարտադիր է, որ ՊԵԿ տեսուչներ լինեն, որ իրենց գրածի համար պատասխան տան: Նաև առաջարկել ենք, որ ներգրավեն լուրջ խոշոր աուդիտորական մասնագետների, եթե նրանք այդ պատասխանատվությունը կկիսեն: Ի տարբերություն սովորական աուդիտի, որ այսօր խոշորն անցնում է, այստեղ պատասխանատվության հարց կա, արդյունքների համար պետք է պատասխան կրեն: Օրենքում դրույթ կա, որ վերստուգման դեպքում եթե բացահայտվում են սխալներ, հարկատուն պատասխանատվություն չի կրում, կրում են միայն ստուգողները: Այսօրվա մեր աուդիտորները պատասխանատվություն չեն կրում գործող օրենքով, բայց լուրջ ընկերությունները, օրինակ՝ KPMG-ն, «Գրանդ Թորոնթոն», պատրաստ են այդ պատասխանատվության տակ մտնել, և, եթե խառը խմբեր ստեղծվեն, ավելի արդյունավետ կլինի»,- ասաց Ա.Ղազարյանը:

Մասնագետները տարակուսում են՝ ո՞րն է տրամաբանությունը, որ, ասենք, մինչև 58 մլն դրամ շրջանառություն ունեցող շրջանառության հարկ վճարողից գանձի առնվազն 10 մլն դրամ ստուգման վճար, այն դեպքում, երբ այդ հարկ վճարողի շրջանառության հարկի գումարը կարող է կազմել առավելագույնը 5.8 մլն դրամ՝ 10 % առավելագույն դրույքաչափի դեպքում: Արդյունքում՝ 58 մլն կամ 150 մլն շրջանառություն ունեցողը չի դիմի այս նախագծով այլընտրանքային ստուգում անցնելու համար, քանի որ հաշվարկը թույլ չի տա: Նրանց կարծիքով՝ այս փոփոխությունը շահեկան է խոշորների համար, ովքեր կարող են նույնիսկ հաշվապահություն չվարել ու միանգամից օգտվել ՊԵԿ-ի ստուգման ծառայությունից:

Այս պարագայում ի՞նչ պահանջարկ կունենա նոր ծառայությունը: Այս հարցին ի պատասխան՝ Ա.Ղազարյանը նշեց, որ դա պրակտիկան ցույց կտա. «Սա կամավոր է: Ըստ էության, բոլոր այն ձեռնարկությունները, որ ռիսկային ստուգումների ցանկում չեն, բայց ցանկանում են ստուգվել, պետք է կամավոր դիմեն: Ժամանակ է պետք՝ 6-7 ամիս, 1 տարի, որ հասկանան, թե շուկայում ինչ ծանրաբեռնվածության աշխատանք կա: Այնպես չի, որ բոլորը պարտադիր պետք է ստուգում անցնեն»:

Ի՞նչ ռիսկեր է պարունակում այս օրինագիծը՝ բիզնեսի տեսանկյունից: Թեև նախագծով սահմանված է, որ վճարը ծառայության դիմաց է, սակայն վճարի հաշվարկման չափորոշիչները չեն առնչվում ստուգման ժամանակի, գործարքների քանակի և ծառայության փաստացի ծավալ բնութագրող այլ չափորոշիչների հետ: Վճարի չափի հաշվարկման նախագծով նախատեսված չափորոշիչները հուշում են, որ հարկ վճարողը ձեռք է բերում ստուգված լինելու իրավունք: Այլ կերպ ասած, հարկ վճարողը որոշակի գումարի դիմաց ապահովագրում է իր հարկային ռիսկերը: Այլընտրանքային հարկային ստուգման ներդրման դեպքում, պարտադիր-կամավոր սկզբունքի կիրառության արդյունքում (առավել հնարավոր տարբերակ), վճարի մեծությունը (վճարի տեսքով հարկային բեռը) հարկ վճարողների համար էական ֆինանսական հետևանքներ կարող է առաջացնել:

Միաժամանակ կարող են էապես կրճատվել ստուգումներով պայմանավորված պետական բյուջե տուգանքների տեսքով մուտքագրվող գումարները: Թեև կառավարություն ներկայացված օրինագծում նշված էր, թե բյուջեի վրա լրացուցիչ բեռ չի ենթադրվում, սակայն ներկայումս ՊԵԿ-ի կողմից նշանակված տույժ-տուգանքները վճարվում են պետական բյուջե, իսկ այլընտրանքային ստուգման դիմաց գանձված գումարը գնալու է ՊԵԿ արտաբյուջետային հաշիվ: Այսինքն՝ առնվազն խոշորից տուգանքներ այլևս չեն լինի:

Ի դեպ, մասնագետների շրջանում նոր «խաղ» է տարածում գտնում՝ «Գտիր 10 նմանություն ու տարբերություն նոր ՀԴՄ-ների և այլընտրանքային հարկային ստուգման միջև»: Մասնավորապես, նմանությունների շարքում թվում են՝ 1. երկու դեպքում էլ վճարվում է հարկայինի արտաբյուջե, 2. երկու դեպքում էլ աշխարհում միակն ենք, 3. երկու դեպքում էլ գումարի չափը շատ բարձր է, 4. երկու դեպքում էլ հիմնավորվում է «գործարար միջավայրի բարելավման նպատակով», 5. երկու դեպքում էլ անտեսվել է բիզնեսի կարծիքը, 6. երկու դեպքում էլ մոնոպոլ դիրք է ստեղծվում… Տարբերություններ դեռևս քիչ են գտնվել՝ 1. նոր ՀԴՄ-ների ներդրման դեպքում վստահեցնում էին, որ պետական բյուջեի եկամուտները կավելանան, «այլընտրանքային հարկային ստուգման դեպքում»՝ վստահեցվում է, որ պետական բյուջեի եկամուտների կորուստ չի նախատեսվում, սակայն պետական բյուջե գանձվող տուգանքների գումարի չափով պակասելու են պետական բյուջեի մուտքերը: Ինչպես ասում են՝ շարունակելի:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս