8-ամյա աղջնակը վաղվանից կհաճախի դպրոց, նորածինն էլ արդեն ծննդյան վկայական ունի (լուսանկարներ)
«Շիրակ կենտրոնի» պատրաստած և այսօր հրապարակած «Ծայրահեղ աղքատության մատնված անօթևան ընտանիքի 8-ամյա դուստրը դպրոց չի հաճախում, նորածնին էլ ծննդյան վկայական չեն հանել» տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո կազմակերպության գրասենյակ զանգահարեցին Շիրակի մարզի կրթության բաժնի պաշտոնյաները:
Համատեղ քննարկման արդյունքում լուծվեց 8-ամյա Մելանիայի դպրոց հաճախելու հարցը: Երեխան վաղվանից կհաճախի Գյումրու լավագույն դպրոցներից մեկը: Նշենք, որ սկզբնական շրջանում հատուկ դասընթացների միջոցով կլուծվի երեխայի տառաճանաչության խնդիրը, որից հետո նա իր հասակակիցների նման կհաճախի դպրոց: Այնուհետև «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները 3 ամսեկան երեխայի մոր հետ այցելեցին Գյումրու ՔԿԱԳ (ԶԱԳՍ), որտեղ ձևավորվեցին փաստաթղթերը՝ փոքրիկին տրվեց ծննդյան վկայական և սոցնպաստ ստանալու համար պահանջվող տեղեկանքները:
Ավելացնենք, որ այսօր «Շիրակ կենտրոնի» կողմից այդ ընտանիքին տրամադրվեց նաև հագուստ,սնունդ և խաղալիքներ: