ԲՀԿ մամուլի խոսնակի գնահատականը ՕԵԿ-ի և Դաշնակցության հայտարարություններին. «Ադեկվատ, չեզոք, նորմալ»
«Համապատասխանաբար ադեկվատ, չեզոք, նորմալ»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի պատասխան տվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, երբ հարցրինք, թե ինչպե՞ս կգնահատի «Օրինաց Երկիր» կուսակցության (ՕԵԿ ) երեկվա հայտարարությունը իշխանական կոալիցիայից դուրս գալու և Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) այսօրվա հայտարարությունն այն մասին, որ կուսակցությունը մաս չի կազմելու ձևավորվող նոր կառավարությանը:
Տ. Ուրիխանյանն ասաց, թե չէր ուզենա կարծիք հայտնել այն մասին, թե ինչով էր պայմանավորված ՕԵԿ-ի որոշում, քանի որ «դա իրենց կոմպետենտության հարցն է»:
Ի պատասխան հարցին, թե համաձա՞յն է այն տեսակետի հետ, որ ՕԵԿ-ի քայլը վկայում է իշխանության թույլ լինելու մասին, նա ասաց. «Ես չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել, մինչև տեղի չունենա իրենց հետագա գործողությունների, անելիքների և ծրագրերի հռչակումը»:
Տիգրան Ուրիխանյանը նույն պատասխանը տվեց նաև Դաշնակցության վերաբերյալ` ավելացնելով, թե նրանց կողմից չի նկատել որևէ հայտարարություն, թե ուզում էին մաս կազմել կառավարությանը:
Հիշեցնենք, որ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ-ում «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մի քանի օր առաջ «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում ասել էր, թե ՀՅԴ-ն համաձայն է ընդգրկվել նոր կառավարության կազմում, եթե համաձայնություն լինի նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ առաջարկված կուսակցության յոթ կետերի շուրջ։
«Երկիրն այս վիճակում չպետք է թողնվի, պետք է արագ երկիրն այս վիճակից հանվի։ Խնդիրը սա է, նպատակը սա է, բոլոր միջոցները, որ դրան համահունչ են, մենք պատրաստ ենք քննարկել, կիրառել, մնացածը միջոցներն են, մենք անընդհատ հայտնվում ենք այն սխալի մեջ, որ միջոցները նպատակի տեղ շփոթում ենք, մեր համար ոչ նպատակ է քառյակը, ոչ նպատակ է կառավարությունը, ոչ վարչապետի անձը, ոչ էլ այս իշխանությունները։ Մեր համար նպատակ է մեր երկիրն այս ծանր վիճակից հանելը… Եթե չեն համաձայնում ծրագրի շուրջ, ոչ մի խոսակցություն իմաստ չունի մեր համար։ Իմաստ է ստանում, երբ ասում են՝ այո, համաձայն ենք։ Սա է վիճակը, վիճակը փոխելու ծրագիրն էլ սա է, էդտեղ ես իմ աշխատելու տեղը տեսնում, իմ անելիքը տեսնում եմ և պատրաստ եմ թեւերս քշտել ու մտնել էդ գործի մեջ»,- մասնավորապես նշել էր Ռուստամյանը: