Կարինե Խոդիկյան. «Ով ուզում է` նախագահ դառնա, ինչ ընտրություն ուզում է` լինի, Երևանի փողոցներում արյուն չպետք է թափվի»

«Ցավով եմ նշում, երբ ինչ-որ մի դեղնակտուց հայտարարում է, որ այսօր գրականություն չկա, բայց երբ լուրջ անձնավորությունն է այդպես արտահայտվում էկրանից կամ մամուլում, ուզում եմ նայել նրա աչքերին ու հարցնել` կարդացածդ վերջին գիրքը ո՞րն է: Հավատացե՛ք` անկախության տարիներին շատ հետաքրքիր գրականություն ենք ստեղծել, և, ամենակարևորը, գրականության տիրույթում ամրագրվել են ժամանակը, մարդը, հերոսը և անտիհերոսը»,- այս մտահոգությունն ունի գրող, հրապարակախոս, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, ով երեկ հյուրընկալվել էր Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Նա իր բազմաթիվ մտահոգություններով է կիսվել ապագա լրագրողների հետ:
Կ. Խոդիկյանի խոսքով, որպես հրապարակախոս` երկու թեմա ունի, որի մասին միշտ խոսում է, որով մտահոգ է և որի մասին չի կարող լռել. դրանք են` արտագաղթը և Մարտի 1-ի դեպքերը։

«Քանի դեռ Մարտի 1-ի հանցագործները չեն բացահայտվել, այն տասը զոհերի հոգիները մեր քաղաքի վրա պտտվելու են, և մեր քաղաքի վրա սև ամպ է լինելու, որովհետև եթե կա հանցանք, պիտի լինի նաև պատիժ, ու ամենասարսափելին այն է, որ այդ զոհվածի ծնողը գիտի` գուցե հիմա մեքենայով ազատ անցնում է այն մարդասպանը, որը սպանել է իր զավակին կամ իր ամուսնուն, եղբորը, հարազատին: Իսկ արտագաղթը մեր ամենամեծ ցավն է, որովհետև մեր ամեն մի գնացողի հետ մեր երկիրը պակասում է, մեր երկրի ջերմությունը նվազում է, մեր ուժը սակավանում է: Նայե՛ք ձեր շրջապատին ու կտեսնեք, թե որքան ենք որբացել, քանի որ ամեն մի գնացող որբացնում է մեզ, մեր երկիրը: Ես ոչ մեկին չեմ կարող դատել, չեմ կարող ամեն մի գնացողին ասել` ինչո՞ւ գնացիր, բայց ամեն մի գնացող ինքը պիտի մտածի` իր բաժին երկիրն ում է թողնում: Ես չգիտեմ, թե սա ում ձեռքի գործն է, բայց շատ լավ ծրագրված, քաղաքականորեն իմ երկիրը հայաթափում են»,- ցավով նշել է Կ. Խոդիկյանը:

Նա ապագա լրագրողներին հիշեցրել է մի շատ կարևոր բանի մասին` պատվերով չգրել, քանի որ մեկ անգամ պատվերով գրելուց հետո լրագրողն այլևս ընդմիշտ կընկնի այդ թակարդը։

«Առանց պատվերի գրելը շատ դժվար է, քանի որ այսօր բոլորը լավ ապրելու խնդիր ունեն, բայց ամենաահավորն այն է, երբ գրում ես քո իմացածին, քո սկզբունքներին դեմ մի բան: Ցանկացած բան, որ անում եք, հիշե՛ք ձեր բարոյական նկարագրի մասին»,-ասել է նա: Գրողը նշել է ժուռնալիստի մասնագիտության բարդ կողմերը և կարևորել ժուռնալիստի առջև դրված պարտականությունը, պատասխանատվությունն ու ունեցած առաքելությունը. «Առհասարակ, շատ բարդ է ժուռնալիստի մասնագիտությունը, ինչպես կասեն` նախկին լրագրող չի լինում:

Եթե նույնիսկ ինչ-որ պահի դադարում ես աշխատել, միևնույն է, մտքում դու լրագրող ես: Լրագրողը պիտի պատասխանատվություն ունենա իր խոսքի նկատմամբ: Լրագրությունը նաև շատ բարձր մասնագիտություն է: Ճիշտ է, մենք այժմ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ով` ինչ ասես գրում է, բայց, ինչպես ասում են, մարդն է մասնագիտությունը բարձրացնում և մարդն է մասնագիտությունն իջեցնում հենց այդ մակարդակին»:

Կ. Խոդիկյանն անդրադարձել է նաև մեր օրերի ամենացավոտ հարցերից մեկին` լեզվի խնդրին. «Մենք մեծ խնդիր ունենք լեզվի հետ կապված: Սա շատ կարևոր և շատ մասնագիտական հարց է: Լրագրողի դեմքը նախ` իր մասնագիտական բարեխղճությունն է և նրա կողքին` լեզվի իմացությունը, քանի որ լրագրությունը մաքուր լեզվի արտահայտման այն հիմնական հարթակն է, որը քո ասելիքը մի մեծ լսարանի է հասցնում: Որքան իջեցնես քո լեզվի որակը, ոճը, հարստությունը, այնքան կտուժի քո լսարանը, քո ընթերցողը: Վերջին տարիներին լեզվի մակարդակն անհամեմատ իջեցրին: Սա շատ մեծ խնդիր է»:

Վերջում, խոսելով լրագրողի մասնագիտական բարեխղճության և պատասխանատվության մասին` Կարինե Խոդիկյանը ներկայացրել է նաև, թե ինչո՞ւ 2008 թվականին հրաժարվեց ՀՀ մշակույթի փոխնախարարի պաշտոնից. «Հեռուստատեսությունում աշխատելու տարիներին` երբ «Ա1+»-ը ցանկանում էին փակել, միակ մարդը, որ դեմ արտահայտվեց` ես էի: Դա ոչ թե ժեստ էր, այլ իմ կենսագրության շարունակությունը: Ես չէի կարող վերևից պատվերով փակել այնպիսի հեռուստաընկերություն, որ այդ օրերին ասում էր ճշմարտությունը: Հրաժարականի դիմումը ներկայացրեցի Մարտի 1-ից հետո և հրապարակավ հայտարարեցի` ինչ ընտրություն ուզում է` լինի, ով ուզում է` նախագահ դառնա, ինչ աթոռի կռիվ էլ լինի, Երևանի փողոցներում արյուն չպիտի թափվի, ու քաղաքացի չպիտի մահանա»:
Լուսանկարը՝ aravot.am-ի

Տեսանյութեր

Լրահոս