Նա գնաց մենա՞կ
Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետներից մեկը՝ Տիգրան Սարգսյանը, հրաժարական ներկայացրեց, կամ նրա պաշտոնանկությունը ներկայացվեց՝ որպես հրաժարական: Ինչպես Տիգրան Սարգսյանի ողջ գործունեությունը, այնպես էլ նրա հրաժարականը տեղի ունեցավ Հայաստանի համար չափազանց հակասական պայմաններում՝ ինքնին դառնալով հակասական նոր իրավիճակի հիմք:
Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման ողջ շրջանում խոսում էր բացառապես ինտելեկտուալի, մտավորականի տեսական դիրքերից՝ գործնականում սպասարկելով կիսաքրեական-օլիգարխիկ տնտեսությունը, նա ներկայանում էր՝ որպես եվրոպական արժեքների ջահակիր՝ միաժամանակ Մաքսային միությանն անդամակցությունը դարձնելով իր ամենակարևոր խնդիրը: Հակասությունների շարքը կարելի է անվերջ թվել… սակայն դրա կարիքն այլևս չկա՝ ոչ միայն այն պատճառով, որ հայկական ժողովրդական իմաստնության համաձայն՝ գնացողի հետևից չեն խոսում, ու, առավել ևս, ընկածին չեն խփում, այլ որովհետև վարչապետի պաշտոնից հեռանալով՝ Տ. Սարգսյանը հակասականություն է ստեղծել Հայաստանի քաղաքական դաշտում՝ այդպիսով առաջացնելով նաև իր հրաժարականի հակասական ընկալումներ:
Երկու օր է՝ քաղաքական կուլիսներում ու հրապարակային հարթակներում բոլորը քննարկում են ապագա հնարավոր վարչապետին ու Կառավարության կազմը:
Տիգրան Սարգսյանի քննադատությամբ իշխանական կուսակցությունից այլընտրանք դարձած ԲՀԿ-ն արդեն քննարկում է նախարարների անուն-ազգանունները, նույն գործին են լծված նաև դաշնակցականներն ու նրանց դաշնակից «Ժառանգության» անդամները, ՀԱԿ-ում հաշվարկում են իշխանության ամբողջական ռուսականացումից հետո իշխանության նկատմամբ ռուսական «մահակի» դերում հայտնվելու դիվիդենտները:
Այսինքն՝ Տիգրան Սարգսյանը մեծագույն լավություն արեց նրանց, ում դեմ իբրև թե պայքարում էր՝ Հայաստանը եվրոպական ընտանիքում տեսնելու համար, հետո ում ճնշմամբ ստիպված եղավ եվրոտեսլականը փոխարինել մաքսային «պերսպեկտիվայով»:
Տիգրան Սարգսյանն, իհարկե, լավություն արեց նաև Սերժ Սարգսյանին՝ տարիներ շարունակ գիտակցված կամ պարտադրված իր վրա կրելով հանրային դժգոհության ողջ չափաբաժինը, թեև անձամբ գործուն մասնակցություն էր ունեցել դժգոհության առիթ հանդիսացած գրեթե բոլոր երևույթներում, ու սա այն պարագան չէ, որ նրան կարելի է համարել «քավության նոխազ»:
Բայց Տիգրան Սարգսյանի ամենամեծ ծառայությունը, թերևս, իր հրաժարականով Հայաստանի քաղաքական համակարգի դիմակազերծումն է:
Ընդամենը 10 օր հետո իշխանության հետ միևնույն արժեքային համակարգը կրող, միևնույն արտաքին կենտրոններից ղեկավարվող կամ նրանց հետ «ճշտվող» բոլոր կամ գրեթե բոլոր ուժերը կլինեն միևնույն կաթսայում:
Բացառություն կարող է կազմել միայն ՀԱԿ-ը, որը տիտղոսային ընդդիմության կարգավիճակի դիմաց՝ զանազան զարտուղի ճանապարհներով կօգտվի կաթսայից, կամ, ինչպես ընդունված է ասել, իշխանական կերակրատաշտի այլընտրանքային ծորակից:
Սա եզակի հնարավորություն է հասարակության, քաղաքացիական ակտիվիստների, ռուսական քաղաքական դաշտից դուրս գտնվող թեկուզ փոքր քաղաքական ուժերի համար՝ իրական ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար: Դրա համար, թերևս, Տիգրան Սարգսյանին կարելի է անգամ շնորհակալություն հայտնել:
Տիգրան Սարգսյանը մի առիթով ասել էր, որ իրենք արտագաղթի դեմ չեն պայքարում, որպեսզի մարդիկ չմնան ու հեղափոխություն չանեն: Իր պաշտոնավարման ընթացքում Տիգրան Սարգսյանը հասավ նրան, որ հեղափոխության փոխարեն Հայաստանում, ըստ էության, տեղի ունեցավ պալատական հեղաշրջում:
Ու ճակատագրի հեգնանքով կամ հանուն արդարության՝ ինքը դարձավ դրա զոհը: Թաթայի ականջը կանչի: Տեսա՞ր՝ ինչ եղավ:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի