Հրայր Թամրազյան. «Այս անգամ իշխանություն-ընդդիմություն կռիվը չէ: Սա կառավարություն-ժողովուրդ կռիվն է»

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրական դատարանը Կուտակային կենսաթոշակային ներդրվող նոր համակարգի մասին օրենքը չի ընդունի ամբողջությամբ: 168.am-ի հետ զրույցում Հ. Թամրազյանը նշեց, որ դժվարանում է ասել, թե Սահմանադրական դատարանն ի՞նչ որոշում կկայացնի, բայց կարծում է, որ օրենքը հետ կուղարկվի վերամշակման, բարեփոխման համար. «Օրենքը չի ընդունվի ամբողջությամբ: Այն կետերը, որոնց նկատմամբ Սահմանադրական դատարանն ուներ վերապահություն, կվերադարձվեն վերամշակման: Չգիտեմ՝ վերջնական վճիռն ինչպիսի՞ն կլինի, բայց, ամեն դեպքում, իմ կարծիքով՝ այս տեսքով օրենքը չի համարվի սահմանադրական»:

Հարցին, թե Սահմանադրական դատարանի օբյեկտիվ և կառավարության անդամներին, օրենքի և համակարգի հեղինակներին ուղղված կոշտ հարցադրումներն արդյո՞ք «Դ!եմ եմ» շարժման ակտիվիստներին խաբկանքի մեջ գցելու միտումներ չունեն, Հ. Թամրազյանը պատասխանեց. «Այս անգամ իշխանություն-ընդդիմություն կռիվը չէ: Սա կառավարություն և ժողովուրդ կռիվն է: Եթե դու ինքդ քո հասարակությանը չես լսում, կներես, բայց շատ ավելի կմեկուսանաս հասարակության կողմից: Հասարակությանը չի կարելի այս աստիճանի նեղել: Կառավարությունն ինքն էլ է դա հասկանում, կարծես թե իրենք էլ են պատրաստ փոփոխություններ մտցնել»:

Հ. Թամրազյանը չգիտի՝ օրենքում «պարտադիրի» բաղադրիչը կվերացվի՞, թե՞ ոչ.

«Բայց պարտադիրը կարող է փոխարինվել, ենթադրենք, ինչ-որ հարկատեսակներով, կամ, ասենք, ինչ-որ մասով կարող են դնել գործատուի վրա, ինչ-որ մասով՝ աշխատողի վրա… գոնե, ինչ-որ չափով մեղմացնելու միտում կա: Կարծում եմ՝ այս «Դ!եմ եմ» շարժումը շատ հզոր, մաքուր, անկեղծ շարժում է: Առաջին անգամ եմ ես այսպիսի շարժում տեսնում, որտեղ կան բոլոր քաղաքական ուժերը, այսինքն` հասարակությունը, ընդդիմությունը, իշխանությունը, բոլորն են: Եվ մի նպատակ է դրվում, մնացած՝ երկրորդական նպատակները մի կողմ են դրվում` այդ նպատակին հասնելու համար: Կոնկրետ  կուտակայինի «պարտադիր» բաղադրիչի դեմ է այս կռիվը, և այս հարցի շուրջ կարող են բոլորը միավորվել: Դա նշանակում է, որ հասարակությունը կարող է համախմբվել մի շատ կոնկրետ նպատակի շուրջ: Եվ ես կարծում եմ, որ սա մեր հասարակության հասունության ցուցիչ կարող է լինել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս