ՍԴ-ում քիչ անց կմեկնարկեն պարտադիր կուտակայինի գործով եզրափակիչ ելույթները
Այսօր ՍԴ-ում կուտակայինի հարցի քննության ժամանակ ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը, հիշեցնելով վարչապետի խոսքերը, որ պատրաստ են վերանայել Պպարտադիր կուտակայինի մասին օրենքը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե որո՞նք են այն խնդիրները, որոնց վերաբերյալ հոդվածները պետք է վերանայվեն:
Ա. Ասատրյանը դժվարացավ հստակ պատասխանել հարցին` նշելով միայն, որ օրենքը առավել ևս այսպիսի բարդ համակարգի մասին, չեն կարող գրված հոդվածները հետագայում փոփոխությունների չենթարկվել:
«Ինչպե՞ս կարելի է հայտարարություն անել` չիմանալով, թե որ թերություններին է վերաբերվում»,- տարակուսեց Հովհաննիսյանը:
«Ես չեմ կարծում, որ ապրիորի է արվել հայտարարութունը, բայց այս պահին ես չեմ կարող ասել, թե որ հոդվածներին է վերաբերվում»,- հակադարձեց Ա. Ասատրյանը:
Որպես թերացում` նա նշեց համակարգի մասին լիարժեք ամբողջական տեղեկատվութուն չտրամադրելը, նկատելով նաև, որ քանի դեռ օրենքները չեն ընդունվում, դժվար է դրանք առարկայական ներկայացնել: Ասատրյանը հայտնեց, որ մասնագիտական, լրագրողական և այլ խմբերի հետ իրազեկում կատարվել է:
ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը շնորհակալութուն հայտնեց նախարարին, որ «անեկդոտային մոտեցմամբ չի ընդունում տեղեկացվածության հարցը»:
Այս պահին ՍԴ-ում հայտարարվել է ընդմիջում մինչև ժամը 15:00, որից հետո խոսք կտրվի կողմերին` եզրափակիչ ելույթների համար: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նախազգուշացրեց` «եզրափակիչ ելույթները բացատրություն չդարձնել, այլ հիմնական եզրահանգումերը ներկայացնել»: