Որքան են զեղչվելու ուսման վարձերը 2014-ից. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Ազգային ժողովում երեկ երկրորդ պլան էր մղվել բուն գործունեությունը՝ օրենսդրական փոփոխությունների քննարկումը: Մթնոլորտը լցված էր չինովնիկների վարքային դրսևրումների քննարկումներով:

Օրվա առաջին կեսին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էր հայերենի դասեր տալիս, կոչ անելով խոսել՝ մայրենի լեզուն չաղավաղելով: Օրվա երկրորդ կեսին սկսվեցին ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգությունները ՀՀԿ-ական նախարարների լեքսիկոնի շուրջ: Պաշտոնյային ոչ հարիր վարքի թեման պտտվում էր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ ակտիվիստի ականջները կտրելու սպառնալիքի շուրջ, ինչը ոմանք բացատրում էին այսպես. ուղիղ իմաստով չի ասվել, այլ փոխաբերական:

Իսկ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ու ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը «բլիժնի բոյ» մտան: Հանրապետականները ԲՀԿ-ին էին փնովում ու ձեռք առնում, ԲՀԿ-ականները՝ հանրապետականներին: ՀՀԿ-ԲՀԿ լեզվակռվից բացի, Ազգային ժողովում մի իրադարձություն էլ էր տեղի ունենում․ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթն էր քննարկվում:

Այս փաթեթի անհրաժեշտությունը ծագեց ամռանը, երբ պետական բուհերի ռեկտորները կամայականորեն թանկացրին ուսման վարձերը՝ ծանրացնելով ուսանողների սոցիալական վիճակը: Բողոքի ալիք բարձրացավ, ինչն էլ կառավարությանը ստիպեց օրենքում փոփոխություններ կատարել և ուսման վարձավճարների բարձրացման վերին շեմ և զեղչային համակարգում լրացումներ անել: Իսկ մինչ այդ բուհերի ներքին կանոնակարգով էին որոշվում զեղչման մեխանիզմն ու չափանիշները, որը թողնված էր բուհի ղեկավարության հայեցողությանը:

Այս օրենքի ընդունումից հետո այս տարվա սեպտեմբերից զեղչերն արդեն կգործեն օրենքով: «Օրենքի նպատակը հավասար մրցակցային պայմաններ ստեղծելն է ուսանողների համար, որովհետև սոցիալական նույն խմբի ուսանողներից մեկը կարող է զեղչ ստանալ, մյուսը՝ ոչ: Այսինքն՝ սրանով դաշտը կկարգավորվի»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նկատենք, որ օրենքով զեղչային համակարգը բավականին ընդլայնվելու է, ինչը բուհերի համար ֆինանսական բեռ է, բայց, ըստ պատգամավորի, դա արդեն բուհի կարգավորման խնդիրն է:

«Բոլոր բուհերը հաշվարկներ են անում, նրանք իրենց եկամտի 20 տոկոսի չափով կիրառում են զեղչը: Դա այն ժամանակ էլ կար, ուղղակի հիմա օրինականացվում է ու հստակեցվում, թե որ խմբին որքան զեղչել»: Ըստ քննարկվող փաթեթի, որոշվել է զեղչ կիրառել հետևյալ խմբերի համար:

1․ Սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ առնվազն 50 տոկոս:

2. 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը՝ առնվազն 50 տոկոս:

3. 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ ուսանողներին՝ առնվազն 50 տոկոս:

4. Մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին՝ առնվազն 50 տոկոս:

5. Երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին՝ առնվազն 30 տոկոս:

6. 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնողներ ունեցող ուսանողներին՝ առնվազն 30 տոկոս:

7. Սահմանային հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին՝ առնվազն 30 տոկոս:

8. Սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ առնվազն 20 տոկոս:

9. Բարձրագույն ուսումնական հաստատության կողմից կարող է սահմանվել՝ այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին:

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս