Հովիկ Աբրահամյանն առաջարկում է ոչ թե ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, այլ՝ լսումներ կազմակերպել ԱԺ-ում

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր պատգամավորներին կրկին կոչ արեց կոռեկտ ձևակերպումներ օգտագործել, չվիրավորել միմյանց: «Մենք քննարկում ենք հարց, յուրաքանչյուր պատգամավոր կարող է իր կարծիքը կամ մոտեցումները ներկայացնել և դա որևէ մեկին իրավունք չի վերապահում վիրավորել՝ տվյալ մարդու կարծիքի հետ կապված արտահայտվել կամ ինչ-որ պատմություններ հիշել: Ես ուզում եմ նաև կոչ անել, որ Հանրապետականի մասին ինչքան հնարավոր է քիչ խոսեն, եթե իրանք այդքան վատ կարծիք ունեն, եթե շատ խոսեն, ժողովուրդն իրանց մասին վատ կարծիք կկազմի»,- ԱԺ նիստում կատեց Հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով ոչ իշխանական խմբակցությունների կողմից ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նոր առաջարկությանը, որը, ինչպես տեղեկացրել ենք, ուսումնասիրելու է կարմիր գծերի, արագաչափերի, տրանսպորտի վարձավճարի և այլ նորամուծությունների օրինականոթյունը, ապա Հովիկ Աբրահամյանն առաջարկեց այդ հարցով խորհրդարանական լուսումներ կազմակերպել:

«Պարոն Հակոբյան, ես Ձեզ և չորս ուժերին, որ առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, քանի որ ես նաև պատասխանատու եմ ԱԺ բնականոն գործունեությունն ապահովելու համար, ուզում եմ առաջարկել մի տարբերակ, և ուզում եմ՝ այն, իրոք, գործի»,- հայտարարեց ԱԺ նախագահը: Նա նշեց, որ պատրաստ է օգտվել ԱԺ նախագահին տրված իրավունքներից, լիազորությունից՝ առաջարկելով լսումներ հրավիրել տվյալ հարցով:

Նա առաջարկեց նախագծում ներառված բոլոր հարցերը բաժանել ըստ ոլորտների և ուղարկել համապատասխան պատկան մարմիններին, նրանցից ստանալ պատասխանները, ինչից հետո՝ որպես ԱԺ նախագահ, խոստացավ նշանակել լսումների օր, հրավիրել բոլոր պատկան մարմիններին և մանրամասներով լսել նրանց:

«Մինչ այդ լսումները, բոլոր այն հարցադրումները, մտահոգությունները, որ այսօր կան հանրության մեջ, բոլորի պատասխաններն այստեղ մենք ունենանք գրավոր, կազմակերպենք լսումներ՝ առանց ժամկետի սահմանափակման, եթե պետք է՝ երկու լսում կազմակերպենք, բոլոր պատկան մարմինների ներկայությունը ես կապահովեմ, որ փորձենք ստանալ առկա բոլոր հարցերի պատախասխանը:

Կարծում եմ՝ այս ձևաչափը լավն է, առաջարկում եմ ձեզ՝ որպես հիմնական զեկուցող, գալ համաձայնության և այդ ընթացակարգով աշխատել: Դա ճիշտ կլինի խուսափել շահարկումներից, որքան էլ էդ բառը չեք սիրում, ես, որպես ԱԺ նախագահ, խոստանում եմ ապահովել արդյունավետ լսումներ, սա է իմ առաջարկը, խնդրում եմ՝ քննարկեք և տաք պատասխան»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս