Մարդը փողի մեջ

Ղարաբաղյան պատերազմում հրադադարի հաստատման 20-ամյակի կապակցությամբ (այն լրանում է մայիսի 12-ին) Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ) հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորող 8-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հայտարարել է շարադրությունների մրցույթ՝ «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» խորագրով: ԿԳՆ-ն տեղեկացնում է, որ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո լավագույն շարադրությունների հեղինակները կպարգևատրվեն:

Իրականում ԿԳՆ-ի հայտարարած մրցույթը շատ տրամաբանական է ու նորմալ՝ լրանում է մեր երկրի ու հասարակության կյանքում կարևորագույն իրադարձություններից մեկի 20-ամյակը, և կարևոր է, որ բարձր դասարանի աշակերտները ոչ միայն տեղյակ լինեն այդ մասին, այլ նաև ունենան սեփական պատկերացումները, դատողությունները խնդրո առարկա երևույթի վերաբերյալ: Բայց ուշադրություն դարձրեք շարադրության մրցութային վերնագրին. «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»: Երևի ԿԳՆ-ն աշակերտների շրջանում հաղթելու ոգին պահպանելու համար չի տեղեկացրել, սակայն, ըստ ամենայնի, հաղթողներին կարող է սպասվել մրցանակ, ասենք՝ «Կալաշնիկով» ավտոմատի կամ «Մակարով» ատրճանակի տեսքով:

Մի՞թե 21-րդ դարի աշակերտի համար հնարավոր չէր գտնել շարադրության ավելի ստեղծագործական, կարծրատիպերից դուրս թեմայի որևէ այլ ուղղորդում, քան այս հայտնի, ինչ-որ իմաստով՝ ծեծված արտահայտությունը: «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» սկզբունքը տեղին է պաշտպանության նախարարների, առավել ևս՝ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրների պաշտպանության նախարարների համար, ինչն, ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատշաճ առիթներով կրկնում է: Այսինքն՝ դպրոցականի, նոր ձևավորվող պատանու համար իշխանությունը, կոկրետ պաշտպանական գերատեսչությունը տալիս է «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» սկզբունքը հասկանալու համար բավարար չափաքանակով տեղեկատվություն:

Վստահ ենք, անգամ Կրթության նախարարությունում գիտեն, որ ժամանակակից աշխարհում պատերազմներում հաղթում են ոչ միայն կամ գուցե ոչ այնքան՝ զենքով, որքան՝ մտքով, գիտությամբ, ստեղծագործական մտածողությամբ՝ բառի ամենալայն իմաստով: Ինչո՞ւ այդ դեպքում դպրոցականների շարադրության մրցույթի համար չսահմանել, ասենք, «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր հեղաշրջում կատարելու գիտության մեջ», կամ «Ուզում ես խաղաղություն, դարձիր ամենաճկուն դիվանագետն աշխարհում» խորագրեր: Հասկանալի է, որ մեկ-երկու տարի հետո բանակ զորակոչվող աշակերտը, կամ 5-10 տարի հետո բանակում ծառայած զինվորականի հետ ընտանիք կազմող աշակերտուհին, այսպես թե այնպես, գիտի, ավելի խորն է գիտենալու, որ ռազմի դաշտում հաղթելու համար պետք է ռազմական բարձր պատրաստվածություն ունենալ: Ուրեմն ինչո՞ւ հենց դպրոցից սերմանել նրանց մեջ պատերազմում հաղթելու այդ՝ միայն մեխանիկական գաղափարը:

Կրթության նախարարությունում վստահաբար գիտեն նաև Չերչիլի հայտնի արտահայտությունը՝ «Մենք պարտություն կրեցինք՝ առանց պատերազմի», ինչպես նաև այն, որ շատ ավելի հեշտ է հաղթել մարտի դաշտում, քան պահպանել հաղթանակը դրանից հետո: Գիտեն, բայց երևի չեն կարող նման՝ քարոզչական ստերեոտիպերից դուրս թեմաներով շարադրությունների մրցույթներ կազմակերպել:

Սա, իհարկե, առանձին վերցրած օրինակն է այն քաղաքականության, որը պաշտոնական ճառերում և ուղերձներում անվանվում է «ռազմահայրենասիրական դաստիարակություն»: Բայց առանձին լինելով՝ այս օրինակն արտահայտում է իշխանության, պետական պաշտոնյաների մտածողությունը, աշխարհայացքը, վերջին հաշվով՝ պետության տեսլականը (եթե, իհարկե, այդպիսին կա նրանց մոտ), որ կառուցում են կամ ցանկանում են կառուցել այսօրվա իշխանություն կրողները:

Նրանց տեսլականում դա պետություն է, որի գլխավոր դերում մարդ-զինվորն է, ավելի ճիշտ՝ զինվոր-մարդը, և ոչ ամենևին՝ մարդ-գիտնականը կամ մարդ-ստեղծագործողը: Այսինքն՝ պետության համար կարևորը ոչ թե միտքն է, այլ բազուկը: Մարդը Հայաստանում ոչ թե նպատակ է, այլ միջոց:  Կրթության նախարարությունը դա ցանկանում է սերմանել հենց դպրոցից, որպեսզի հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի մտածել մարդ-մտածող դառնալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս