Խեղճ Ծառուկյան

Ներկայիս քաղաքական գործընթացներին ամենաբնորոշ առանձնահատկություններից մեկը ձևի և բովանդակության անհամապատասխանությունն է: Ոչ իշխանական ուժերի նախաձեռնած գործընթացի  կենտրոնում է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ֆորմալ առումով՝ ինչպես նա, այնպես էլ՝ նրա ղեկավարած կուսակցությունը կարող են համարվել ցանկացած լուրջ քաղաքական գործընթաց նախաձեռնող ու առաջ տանող միավորը, քանի որ տիրապետում են Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներին՝ փող, փող ունեցող անդամներ, փողի միջոցով՝ հրապարակային ու ընտրական զանգվածներ, քարոզչամիջոցներ, և այլն:

Ավելին, Գագիկ Ծառուկյանն ունի նաև անձնական բավական բարձր վարկանիշ: Լա՞վ է դա, թե՞ վատ, այլ հարց է, սակայն իրողություն է, որը չի կարելի հաշվի չառնել: Այսինքն՝ եթե մի կողմ թողնենք գաղափարական, արժեքային, բարոյական ասպեկտները, ընթացիկ գործընթացներում ԲՀԿ-ի մոդերատորությունը նոմինալ առումով արդարացված կարելի է համարել:

Բայց ողջ խնդիրն այն է, որ ձևի մեջ հայաստանյան չափանիշներով լինելով կայացած միավոր, ԲՀԿ-ն ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը ձևին հակադարձ համեմատական չափով զիջում են բովանդակության հարթությունում: Ոչ ԲՀԿ-ն է քաղաքական կուսակցություն՝ բառի բովանդակային ու խորքային իմաստով, ոչ էլ՝ առավել ևս, Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքական գործիչ այդ երևույթի՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ֆունկցիոնալ տեսանկյունից: ԲՀԿ-ում, իհարկե, կա բավական քաղաքականացված հատված, որը, սակայն, և՛ տեսակարար կշռով, և՛ ազդեցությամբ անհամեմատ փոքր է ապաքաղաքական, սակայն ԲՀԿ-ի համար դոմինանտ ռեսուրսին՝ փողին տիրապետող հատվածից:

Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, փողին տիրապետում է միայն իշխանությունը՝ ինչպես բացարձակ, այնպես էլ՝ հարաբերական՝ փողին տիրապետողների վրա ազդեցության լծակներին տիրապետելու իմաստով: Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը դասվում է ԲՀԿ-ի երկրորդ հատվածի ներկայացուցիչների շարքին: Նման պայմաններում այս՝ իրականում տնտեսական գործիչը ներքաշվել է մի գործընթացի մեջ, որը մի կողմից՝ նրա համար օտար է՝ որպես գործունեության տեսակ, մյուս կողմից՝ չափազանց վտանգավոր է իր հիմնական գործունեության՝ բիզնեսի համար:

Ներքաշվել է ոչ միայն ու ոչ այնքան 124-ամյա կուսակցության կոնյունկտուրային ղեկավարների ու 22-ամյա պետության հիմնադիր նախագահի նույնքան կոնյունկտուրային հաճոյախոսություններից գայթակղվելով, այլ այլընտրանք չունենալու պատճառով: Ներքաշվել է, որովհետև չլինելով քաղաքական մարդ, արհեստականորեն դարձել է այդպիսին՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու գործող նախագահ, այն ժամանակ՝ վարչապետ, Սերժ Սարգսյանի կարճաժամկետ ու երկարաժամկետ քաղաքական պայմանավորվածությունների շրջանակներում:

Դարձել ու արդեն 10 տարի ստիպված շարունակում է խաղալ այդ դերը՝ ժամանակ առ ժամանակ հայտնվելով հարաբերական հանդարտության, ավելի հաճախ՝ լարված իրադրություններում: Հրաժարվել այդ դերից, ըստ ամենայնի, նա չի կարող, քանի որ դա կնշանակի՝ հրաժարվել նաև այն տնտեսական հզորությունից, որը նրան տրվել է նույն այդ դերը խաղալու համար:

Ծառուկյանը գրեթե ամեն առիթով հայտարարում է, որ իրեն պաշտոն պետք չէ, որ իշխանության գալու նպատակ չունի: Մեծ հավանականությամբ, Ծառուկյանը միանգամայն ազնիվ է իր այդ հավաստիացումներում:

Այդ դեպքում ինչո՞ւ է նա զբաղվում քաղաքականությամբ, եթե քաղաքականության հիմնական նպատակն ու առաքելությունն իշխանության հասնելն ու պետական կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնելն է: Ըստ ամենայնի, զբաղվում է, որովհետև չի կարող չզբաղվել: Սա, որքան առաջին հայացքից՝ պարզունակ, նույնքան էլ իրականությունն արտահայտող բացատրություն է: Եվ այդպիսին լինելով, թերևս, արտահայտում է նաև Գագիկ Ծառուկյան մարդու ներքին ու երևացող հակասականությունը:

Արտաքուստ ուժեղ ու համարձակ, հարուստ ու ամենակարող թվացող այդ մարդը ներկայումս հայտնվել է Հայաստանի, թերևս, ամենախեղճ մարդու վիճակում: Այն իմաստով, որ մի կողմից՝ դժվար է կողմնորոշվել՝ իրենը չհամարվող քաղաքական խաղում ճիշտ և սխալ քայլեր անելու առումով, մյուս կողմից՝ չի կարող հրաժարվել այդ խաղում իրեն պարտադրված դերից:

Հրաժարվելով՝ նա կխախտի այն քաղաքական ստատուս-քվոն, որը ձևավորվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին ու գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության առաջին տարիներին: Ստատուս-քվո, որը դարձել է Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգի պահպանման ու նրա ճարտարապետների իշխանության հավերժության գրավականը: Այնպես որ, մարդկայնորեն Գագիկ Ծառուկյանը ոչ այնքան՝ քննադատության ու չարամտության, այլ միայն կարեկցանքի է արժանի:

Տեսանյութեր

Լրահոս