Կարեն Ավագյան. Այն ցեխը, որ ընդդիմադիրները փորձում են շպրտել, ոչ մեկին չի դիպչում, փոխարենն աղտոտում են շրջապատն ու իրենց ձեռքերը

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

«Այն, ինչ կատարվեց Տավուշի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ, դժվարանում եմ բառերով արտահայտել։ Իսկական ադրբեջանական վանդալիզմ, իսկական ադրբեջանական ձեռագիր։ Դաժանաբար խոշտանգել են հիվանդ, անօգնական, իրենից ոչ մի վտանգ չներկայացնող ծերունուն։

Քաղաքացիական անձանց գերության մեջ գտնվելու հարցը կարգավորվում է 1949 թվականի օգոստոսի 12-ին ընդունված Ժնևյան կոնվենցիայով։ Ուսումնասիրելով կոնվենցիան՝ պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը այստեղ էլ կոպտագույն խախտումներ է թույլ տվել Մամիկոն Խոջոյանի նկատմամբ, և ոչ միայն։ Կոնվենցիայի կետերը խախտվել են նաև գերության մեջ հայտնված Հակոբ Ինջիղուլյանի առնչությամբ։

Ադրբեջանը պարտավոր է հետևել Ժնևյան կոնվենցիաներով և համապատասխան արձանագրություններով սահմանված մարդասիրական իրավունքի պահպանմանը: Համաձայն փաստաթղթի՝ սահմանը պատահական հատած, գերի ընկած քաղաքացիների նկատմամբ չպետք է կիրառվի որևէ ճնշում, նույնիսկ արգելվում է հրապարակային ելույթը։ Ադրբեջանը, սակայն, կոպտորեն խախտում է մարդու իրավունքները։ Գերիների հետ ադրբեջանական վարքագիծը, սահմանին ադրբեջանցի նշանառուների գործողությունները, հրադադարի խախտման դեպքերը բնավ չեն նպաստում բանակցային գործընթացին։ Կարծում ենք՝ այս ամենին պետք է իր գնահատականը տա նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Ադրբեջանի սահմանի իր հատվածում հայտնված յուրաքանչյուր հայի փորձում է օգտագործել քաղաքական նպատակներով։ Գերության մեջ հայտնված հոգեկան խնդիրներ ունեցող ծերունուն դիվերսանտ ներկայացնելու Ադրբեջանի ծիծաղելի փորձերը, սակայն, ապարդյուն անցան։

Մամիկոն Խոջոյանի հետ կատարվածը ահազանգ է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, իրավապաշտպան այլ կառույցներին մեր մյուս գերիների՝ Հակոբ Ինջիղուլյանի և ընդամենը օրերս ադրբեջանական գերության մեջ հայտնված Արսեն Խոջոյանի հարցին շուտափույթ լուծում տալու համար։

Ինչ վերաբերում է այստեղից Մայդան ցանկացողներին, ապա նրանց լավագույն պատասխանը տվել է Գալուստ Սահակյանը՝ Մայդանը թող ձեր բոստաններում լինի։ Իսկ այն ցեխը, որ ընդդիմադիրները փորձում են շպրտել, ոչ մեկին չի դիպչում, փոխարենն աղտոտում են շրջապատն ու իրենց ձեռքերը»։

Տեսանյութեր

Լրահոս