Բաժիններ՝

Ահարոն Ադիբեկյան. «Ինչ որ բաներ կան, որոնք հայերը գիտեն, ուրիշներին չեն ասում» (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ մենք պետք է գնանք ամեն ինչի, որ «Նաիրիտը» վերաբացվի: Նա ասաց, որ որպես նախկին քիմիկոս, ինքը գտնում է, որ քիմիան Հայաստանում եղել է առաջատար դիրքերում, և Սովետական Միությունում առաջին բնական կաուչուկը արտադրել է Հայաստանը` դեռ 20-ական թվականներին, երբ այդ գործարանը հիմնվեց. «Մենք տալիս էինք աշխարհի լավագույն արհեստական կաուչուկը: Տեխնոլոգիաները զարգացան և, մեր կաուչուկը, հիմնականում, օգտագործում էր ավիաշիանարարության մեջ` անիվների համար, որովհետև ամենամաշվող անիվները ինքնաթիռների անիվներն են:

Ըստ բանախոսի՝ «Նաիրիտ»-ի փակման մեղքը «Ղարաբաղ» կոմիտեի հիմարության հետևանքն է. «Երբ խոսքը գնաց փակելու մասին, այն ժամանակվա Սովետական Միության նախարարների խորհրդի նախագահ Ռիժկովը եկավ ասեց՝ ինչ ուզում եք արեք, բայց «Նաիրիտը» մի փակեք: Բայց «Ղարաբաղ» կոմիտեն իր վրա վերցրեց իմպերիան քանդելու պատմական առաքելությունը: Դա ամենամեծ հիմարությունն էր, և մենք ամենամեծ վճարը տվեցինք անկախացման համար: Մյուս հանրապետությունները բավականին հանգիստ ստացան անկախությունը` պահպանելով հին ռեժիմի եղանակները` մինչև կարողանան  աստիճանաբար հասնել շուկայական հարաբերությունների:

Ա. Ադիբեկյանն ասաց, որ Ռուսաստանում այսօր գործող սեփականության մոտավորապես 30%-ը պետական է, նույնը Բելառուսում, Ուզբեկստանում, Ուկրաինայում է, որտեղ սոցիալական  նման աղքատության մակարդակի հասած ժողովուրդներ չեն ապրում. «Դա մեր էշության հետևանքն է: Հիմա »Նաիրիտ»-ի վերաբացելն էնքանով է պրոբլեմային, որ հումքը թանկ է, և «Նաիրիտ»-ի տեխնոլոգիան մշակված է հումքի որոշ գնի աստիճանի համար: Բարձր լինելու դեպքում արդեն արտադրելն իմաստ չունի: Հիշենք, որ նախկինում մենք ստանմում էինք կարբիտ, որից ստանում էինք ացիթիլեն, վերջինից էլ ստանում էինք կաուչուկ: Կիրովի գործարանի մոտ մի հատ մեծ լիճ կար, որտեղ լցնում էին կարբիտի մնացուկը ու դա օգտագործում էին շինարարության մեջ, երբ որ ցեմենտ չունեինք: Հենց ցեմենտի գործարանը կառուցվեց, հասկացան, որ չի կարող Արարատյան դաշտավայրն անընդհատ ածխածնի օքսիդով շերտավորվի: Տեխնոլոգիան փոխեցին, գազին անցան: Այժմ խնդիրը գազի գինն է»:

Բանախոսի խոսքերով, արտադրությունը վերականգնելու փորձեր են արել ե´ւ չինացիները, ե´ւ անգլիացիները, ե´ւ գերմանացիները, բայց այն գնի առումով մրցունակ չի միջազգային շուկայում. «Հիմա քանի որ Ռուսաստանն է վերցնելու իր վրա, նա կարող է գազի գինը նվազեցնել այն մակարդակին, որ կաուչուկը դառնա մրցունակ, ու արդեն կաուչուկի վաճառքի գնից փակի գազի գնի կուրուստները: Այդ առումով, դա բավականին խելամիտ և տնտեսապես հիմնավորված մոտեցում է: Չմոռանանք, որ Հայաստանը Սովետական Միությանը տալիս էր, մոտ 18 միլիոն զույգ կոշիկ, որից 15 միլիոնը սոսինձով պատրաստվող կոշիկների արտադրությունն էր, և Նաիրիտի սոսինձը մինչև հիմա էլ կարող եք խանութում գնել»:

Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, մենք պետք է ողջունենք, եթե գործարանն աշխատի իր հզորությամբ. «Մենք կունենանք աշխատատեղեր, դրսից եկող գումարներ, որը շատ կարևոր է: Հիմա կարևորն այն է, որ ռուսները մի քիչ զոհաբերություն ցուցաբերեն մեր ռազմավարական ընկերության համար և չնայեն, որ կարող է որոշ առումներով դա տնտեսապես եկամտաբեր չլինի, բայց քաղաքական-ռազմավարական նպատակների համար լինի բավականին արդյունավետ: Ինքն էլ կարող է գնել այդ կաուչուկը իր ռազմաարդյունաբերական կոմպլեքսի համար, որովհետև Ռուսաստանը մնում է ինքնաթիռ, ավտոմեքենա արտադրող երկիր: Մենք Հայաստանում կվերականգնենք դողերի արտադրությունը: Հայաստանի դողերը բավականին մեծ պահանջարկ ունեին Սովետական Միության շուկայում: Այսինքն, մի աշխատանք կբերի հաջորդ աշխատանքին և դա կդառնա բավականին լուրջ: Այնպես որ, մենք պետք է լինենք կողմ, գնանք ամեն ինչի, նույնիսկ հարկային արտոնություններ տանք, որ նրանք կարողանան գործարանը վերականգնել, աշխատացնել»:

Բանախոսը նշեց նաև, որ երբ պարզվեց, որ նման ծավալների կաուչուկ Չինաստան տեղափոխելը  եկամտաբեր չէ, նրանք նույն գուրծարանը կառուցեցին այնտեղ. «Ընդ որում, մի փորձ է արել Ռուսաստանը կառուցել «Նաիրիտ»-ի օրինակ, գործարանը տրաքել է, պայթել է: Թե հայերը ո՞նց են կարողանում աշխատացնել այն, որ լինի անվտանգ, ես չգիտեմ: Նույնը Չինաստանը, որը լուրջ խնդիրներ ունի այդ տեխնելոգիան օգտագործելու համար: Երևի ինչ-որ բաներ կան, որոնք հայերը գիտեն, ուրիշներին չեն ասում, և դա նրանց հեղինակային իրավունքների մեջ է մտնում»:

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս