Ի՞նչ է խորհրդանշում հացը
«Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր». Քրիստոս Իր աշակերտներին սովորեցնում է Տիրոջից խնդրել ամենաէականը, բայց Տերունական աղոթքով մենք նաև հաց ենք խնդրում, ինչո՞ւ. մեկնաբանում է Արշավիր Գաբուճյանը:
Տերունական աղոթքում առկա հաց բառի վերաբերյալ կան մի շարք մեկնաբանություններ:
Հացը՝ հոգու սնունդ
Հացը բնորոշվում է իբրև հոգևոր սնունդ: Ավետարանում գրված է, որ նախ փնտրենք ամենաէականը՝ Աստծու արքայությունն ու Նրա արդարությունը, և մնացյալն ավելիով կտրվի: Առհասարակ, հացը լիացնում է մեր մարմինը, բայց չպիտի մոռանանք, որ կարիք ունենք նաև հոգևոր սննդի, որը գալիս է Աստծուց, Նրա խոսքից, Քրիստոսի բերած ճշմարտությունից: Հացը, խորհրդանշորեն, Աստծո խոսքն է, ճշմարտությունը:
Կյանքի հացը
Մեկ այլ մեկնաբանմամբ՝ հացը հենց Քրիստոսն է: Աստծո Որդին Ինքն է ասում. «Ես եմ կենաց հացը»: Տերը նշում է, որ երբ Իսրայելի ժողովրդի հայրերն անապատում մանանան կերան, մեռան։ Մինչդեռ Քրիստոս է կենդանի հացը, որ երկնքից է իջել.
«Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի» (Հովհաննես 6։51)։
Այլ կերպ ասած՝ մարդիկ մեռան, որովհետև գործով չարտահայտեցին իրենց հավատը, հավատով չընդունեցին Աստծո կողմից տրված հացը: Գործով, Աստծո խոսքը կատարելով պիտի ցույց տանք մեր հավատը:
Հաց` Տիրոջ սեղանը
Հացը մեկնաբանվում է նաև իբրև Տիրոջ սեղանը խորհրդանշող երևույթ: Առաջին քրիստոնյաները, երբ կիրակի օրերը հավաքվում էին տերունական պաշտամունքի, հաց էին կիսում, հավաքվում էին նույն սեղանի շուրջ։ Այդ ճաշի կամ հացկերույթի ժամանակ անպայման արտասանվում էր Տերունական աղոթքը։ Ըստ այդմ, կա նման մեկնաբանություն, որ հացը խորհրդանշում է Տիրոջ սեղանն ու ընթրիքը:
Հացը՝ Երկնքի արքայությունում
Հացը բնորոշվում է որպես ճաշ՝ Երկնքի արքայության մեջ: Հրեական մտածողությամբ՝ Մեսիայի գալստյան օրը պետք է լինի մեծ ճաշկերույթ, որին պիտի մասնակցեն բոլոր արդարները։ Այս ընկալմամբ՝ Երկնքի արքայությունն այն միջավայրն էր, որտեղ ճաշ էր տրվելու։ Պատահական չէ, որ երբ Հիսուս առակ է պատմում մեծ խնջույքի մասին, ներկաներից մեկն ասում է. «Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծու արքայության մեջ»։ Սա կապ ունի այն ճաշի, ուրախության հետ, որ Մեսիայի գալստյան առիթով պետք է Երկնքի արքայության մեջ տեղի ունենա։
Մեր ամենապարզ խնդրանքը
Այս բոլոր մեկնաբանությունների հետ մեկտեղ կա ամենապարզը՝ մենք խնդրում ենք մեզ հաց տալ: Սա կարծես Աստծուն ուղղված մեր ամենապարզ խնդրանքն է Տերունական աղոթքում։ Տերը մեզ չի արգելում, ընդհակառակը, խրախուսում է, որ մենք աղոթենք նաև մեր պետքերի համար:
Պետք է նշել, որ Տերը հոգածու է ոչ թե միայն մեր հոգու, մտքի առողջության, այլ նաև մեր ֆիզիկական մարմնի տոկունության համար։
Հիշենք այն դրվագը, որ բազմությունը հավաքվել էր լսելու Քրիստոսի խոսքը։ Նա Իր գթասրտությունը գործի է վերածում. հաց է տալիս ժողովրդին: Քրիստոնեությունը չի ժխտում, մերժում մարմինը։ Այն կարևոր է, որովհետև Աստծու պարգևն է: Պարզապես մենք պետք է առաջնահերթություններ դնենք: Մաթեոսի Ավետարանում շատ գեղեցիկ համեմատականներ կան, օրինակ նշվում է. «Մարմինն ավելին է, քան հագուստը» (Մատթեոս 6:25)։ Հիշենք, որ նույնիսկ պահեցողության ժամանակ Հիսուսն ասում է, որ պետք է օծել մարմինը, լվացվել։
Մենք ասում ենք. «Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր»: Եվ այսպես կարծես մեր ցուցակն ենք ներկայացնում Աստծուն: Այնպես, ինչպես կազմում ենք մեր պետքերի ցուցակը: Դժբախտաբար, մեր ցուցակներն այնքան շատ են, որ մենք հաճախ մոռանում ենք էականի մասին և մտածում 2-րդականի, 3-րդականի մասին:
Պատրաստեց Անի Ավագյանը
qahana.am



