Տուֆտա բազար

Հայաստանի քաղաքական կյանքը վաղուց կառուցվում է որևէ առանձին վերցրած իրադարձության շուրջ ծավալվող քննարկումներով: Որևէ ելույթ, որևէ հարցազրույց կամ ռեպլիկ անմիջապես դառնում է քաղաքական ուժերի, գործիչների քննարկումների, մեկնաբանությունների առարկան, դրա շուրջ աժիոտաժը զարգանում է, հասնում գագաթնակետին, ապա մարում: Մինչև ակտիվանալու հաջորդ առիթը: Խորքային առումով այս երևույթն այն բանի վկայությունն է, որ Հայաստանում, ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը, այսինքն՝ քաղաքական համակարգն ամբողջությամբ, զուրկ է որևէ գաղափարից, որևէ տեսլականից և գոյատևում է այս կամ այն հարցի շուրջ «թամաշաներ» սարքելով:

Հերթական նման առիթը դարձել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի արտահայտությունը, որով նա ոչ իշխանական ուժերի ցանկությունը՝ անվստահություն հայտնել կառավարությանը, որակել էր՝ որպես «ղալաթ» անել:

Այսօր խորհրդարանում ոչ իշխանական ուժերն արժանի, առավել քան արժանի պատասխան են տվել Հրայր Թովմասյանին՝ ի դեմս դաշնակցական Արմեն Ռուստամյանի՝ նրան անվանելով «չաթլախ»: Ու այսօր մեկնարկած խորհրդարանական քառօրյան տևական ժամանակ անցել է «ղալաթ» և «չաթլախ» բառերի ստուգաբանության շուրջ բանավեճերով, կողմերն ու նրանց աջակիցները փաստարկներ ու հակափաստարկներ են ներկայացրել միմյանց…

Այն, որ որևէ նորմալ երկրում, ինչպես արդարացիորեն նշել է Ա. Ռուստամյանը, նման արտահայտության համար արդարադատության նախարարը հրաժարական կներկայացներ, միանշանակ է:

Ավելին, կոնկրետ Հրայր Թովմասյանի դեպքում քննարկման առարկա կարող է ու գուցե պետք է դառնա ոչ այնքան՝ նրա քաղաքական պատասխանատվության, որքան՝ քաղաքական մեղսունակության հարցը:

Սակայն ի՛նչն է այս դեպքում ավելի ծիծաղելի: Իրականում Հրայր Թովմասյանը, մեծ հավանականությամբ, անգամ իրենց տաղավարում շաշկի խաղալիս իրեն չէր կարող թույլ տալ նման արտահայտություն օգտագործել: Ակնհայտ է, որ Թովմասյանն արտահայտել է կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության կապակցությամբ իշխանական շրջանակներում տիրող ընդհանրական տրամադրությունը:

Երևի Թովմասյանը ՀՀԿ ԳՄ վերջին նիստերից մեկում լսել է, թե ինչպես են «վաստակաշատ» ՀՀԿ-ականներն արտահայտվում այդ նախաձեռնության մասին, բայց հասկացել է, որ, ասենք, Շմայսի կամ Սեյրան Սարոյանի բառապաշարով այդ դիրքորոշումը լրագրողներին փոխանցելը կարող էր ոչ միայն սխալ հասկացվել, այլև իր կողմից արտահայտելու դեպքում՝ ծիծաղելի լինել, և խնդրել է, որ հուշեն՝ ինչպես փոխանցել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ իշխանության դիրքորոշումը: Ու երևի գտնվել է մեկը, ով Հրայրին հուշել է՝ «ասա՝ ղալաթ են անում»:

Բայց թողնենք Հրայր Թովմասյանին:

Նա արտահայտելով իշխանության միասնական վերաբերմունքը՝ ըստ էության, ասել է, որ չի հավատում, թե ոչ իշխանական ուժերը կարող են անվստահություն հայտնել կառավարությանը: Այսինքն՝ անվստահություն է հայտնել կառավարությանն անվստահություն հայտնելու՝ ոչ իշխանական ուժերի մտադրությանը: Թվում է, սրա միակ համարժեք, քաղաքական պատասխանը ոչ իշխանական ուժերի կողմից կարող էր լինել կառավարությանն անվստահություն հայտնելու շուրջ էլ ավելի միասնական դիրքորոշում ձևավորելը և առաջին իսկ քառօրյայում այն ներկայացնելը:

Դա, համաձայնեք, քաղաքականապես կլիներ շատ ավելի ազդեցիկ, քան Հրայր Թովմասյանին ուղղված՝ պատասխան «չաթլախը»:

Սակայն Թովմասյանի հայտնի հայտարարության հենց հաջորդ օրը ոչ իշխանական ուժերը հայտարարեցին, որ առնվազն այս քառօրյայում չեն ներկայացնելու կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:

Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ, հենց նույն Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ «այդ հարցը դեռ հասունացած չէ»: Այսինքն՝ մեծ հաշվով, այս «բանավեճում» Հրայր Թովմասյանը «ճիշտ է դուրս եկել», թեև էսթետիկապես ու տղայականով Արմեն Ռուստամյանը «վրա ա»:

Այսպիսով, պետք է արժանին մատուցել ոչ իշխանական ուժերի հնարամտությանն ու կրեատիվիզմին: Նրանք մի քանի օր շարունակ ջանք չեն խնայել, պեղել են հայերենում լայնորեն կիրառվող՝ տաջկական ծագմամբ բառը և հուժկու հակահարված են հասցրել կառավարության հատկապես այն անդամին, ով այդ բառի իմաստը հազիվ թե հասկանա՝ անգամ բացատրական աշխատանքից հետո:
Այսպիսով, եթե ստեղծված իրավիճակը ներկայացնենք այն բառապաշարով, որով իրար հետ հարաբերվում են արդարադատության ուսյալ նախարարն ու ավանդապաշտ կուսակցության ներկայացուցիչը, ապա կարող ենք արձանագրել, որ տեղի ունեցածն ընդամենը «տուֆտա բազար» է:

Ինչպես ասում են, սա կլիներ շատ ծիծաղելի, եթե այսքան ողբերգական չլիներ:

Հ.Գ.  «Տուֆտա» բառը սկսել է լայնորեն կիրառվել անցած դարի կեսերին՝ ռուսական քրեական շրջանակներում, և նշանակում է՝ սուտ տեղեկություն, անիրական խոսակցություն, դատարկ քննարկում և այլն: Այս բառի բազմաթիվ իմաստներ կան, և կողմերից յուրաքանչյուրը կարող է ընկալել իրեն ավելի հոգեհարազատ իմաստով:

Տեսանյութեր

Լրահոս